Մահացել է ԱՄՆ իշխանություններին WikiLeaks–ի գործակալ Չելսի Մեննինգին մատնած ցանցահենը

37 տարեկանում մահացել է ցանցահեն Ադրիան Լամոն, որը ամերիկյան իշխանություններին տեղեկություններ է փոխանցել WikiLeaks –ի գործակալ Չելսի Մեննինգի կալանավորման համար, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Լամոյի հորը։ «Մեծ վշտով ոու կսկիծով պետք է հայտնեմ բոլոր ընկերներին, որ Ադրիանը մահացել է։ Հեռացել է պայծառ միտք ու կարեկցող հոգի։ Նա իմ սիրելի որդին էր»,- ասել է հայրը։ Լամոյի մահվան պատճառները չեն հայտնում։

Ադրիան Լամոն հայտնի է դարձել 2010-ին Բրեդլի Մեննինգի գործի կապակցությամբ, որն ավելի ուշ, սեռափոխությունից հետո, դարձել էր Չելսի Մեննինգ։ Նա ցանցահենի հետ առցանց նամակագրությունում հայտնել էր, որ WikiLeaks-ին գաղտնի տեղեկություններ էր փոխանցել։ Հետագայում Լամոն այդ մասին հայտնել էր ամերիկյան իշխանություններին, որից հետո Մեննինգին ձերբակալել են։

2011-ին The Guardian-ին տված հարցազրույցում Լամոն ասել էր, որ Մեննինգին մատնելու որոշումը կայացրել էր ոչ հոժարակամ։  Նրա խոսքով՝ իրեն ստիպել են անել դա ու ինքը զղջում է, որ WikiLeaks –ի գործակալին մեծ ժամկետով ազատազրկման են դատապարտել։ Բրեդլի Մեննինգը ծառայում էր ԱՄՆ Ռազմաօդային ուժերում 2009-ից սկսած ՝ որպես հետախուզության վերլուծաբան։ 2010-ին WikiLeaks –ը հրապարակել էր գաղտնի փաստաթղթեր, որոնք ստացել էր Մեննինգից, իսկ երեք ամիս անց նրան ձերբակալել էին ու դատապարտել 35 տարվա ազատազրկման։ Բանտում Մեննինգը հայտնել է սեռափոխության մասին ու անցել հորմոնալ թերապիա։ 2017-ի մայիսին Մեննինգը ազատ է արձակվել, նրան ներում էր շնորհել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման։  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.