Ադրբեջանական ընդդիմությունը արտահերթ նախագահական ընտրությունների դեմ ուղղված հաջորդ հանրահավաքը նշանակել է մարտի 31-ին

 Ադրբեջանի ընդդիմադիր «Ազգային խորհրդի» , ինչպես նաև  «Մուսավաթ» և «Ժողովրդական ճակատ» կուսակցությունների նախաձեռնությամբ ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների դեմ ուղղված հաջորդ հանրահավաքը նշանակվել է մարտի 31-ին: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Գործակալության փոխանցմամբ` հանրահավաքն անցկացվելու է «Ազա՛տ ընտրություններ», «Ո՛չ կոռուպցիային», «Ո՛չ միապետությանը», «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին» կարգախոսների ներքո: Ադրբեջանի «Ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ Հասանլիի փոխանցմամբ` կազմակերպիչները հանրահավաքի անցկացման վերաբերյալ ծանուցում են ուղարկել Բաքվի քաղաքապետարան: «Դիմումը ստորագրվել է Ադրբեջանի «Ազգային խորհրդի», «Մուսավաթ» և «Ժողովրդական ճակատ» կուսակցությունների կողմից»,- նշել է նա: Ադրբեջանական ընդդիմադիր ուժերի առաջին համատեղ նախընտրական հանրահավաքը տեղի է ունեցել 2018թ. մարտի 10-ին: Ադրբեջանի ընդդիմադիր «Ազգային խորհուրդը»  ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին ընդառաջ փորձում է միավորել երկրում որոշակի կենսունակություն ցուցաբերող ընդդիմադիր ուժերին  և համազգային հանրահավաքներ կազմակերպել: «Ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ Հասանլին նախաձեռնությանը միանալու կոչով մարտի 1-ին դիմել էր մյուս ընդդիմադիր ուժերին: 2013 թվականին ստեղծված Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կազմում ընդգրկված են «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը, մեծ թվով ժողովրդավարական հասարակական եւ քաղաքացիական ակտիվիստներ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.