«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծն իր գործունեության առանցքը դարձնում է ուսանողին. նախարար

«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծն իր գործունեության առանցքը դարձնում է ուսանողին. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: «Ուսանողն իր կրեդիտները հավաքելու ընթացքում ունի լիակատար ազատություն՝ ձևավորելու իր աշխատակարգը, երբեմն 4 տարի, երբեմն՝ 6 տարի, 8 տարի: Ուսանողության շարժունակությունը և կրեդիտների համատեղելիությունը օրենքի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է»,-ասաց նա: Ըստ Մկրտչյանի՝ օրենքը հնարավորություն է ստեղծում ձեռնմուխ լինել ոչ միայն կառավարման, այլև կառուցվածքային որոշ փոփոխությունների: Ինչ վերաբերում էր դիտարկմանը, թե ԲՈՒՀ-ի խորհրդի կազմի հաստատումը պետք է լինի վարչապետի կողմից, ոչ թե նախարարի, Լևոն Մկրտչյանը նշեց, որ այդ հարցն իրենց համար սկզբունքային չէ, և հարցը տեղափոխվել է ԱԺ քննարկման: «Նախընտրելի չէ, որ կառավարության նիստով հաստատվի, որովհետև բյուրոկրատական շրջափուլով պետք է անցնի և գնա բոլոր նախարարություններ և այլն: Հիմա կա՛մ վարչապետը պետք է հաստատի, կա՛մ լիազոր մարմնի ղեկավարը: Հիմա, որ «Ելքը», ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ասացին, որ դեմ են վարչապետի կողմից հաստատմանը, նախարարությունը սկզբունքային խնդիր չունի»,-ասաց նա: Անդրադառնալով առաջարկի հաստատմանը, թե բուհի խորհրդի կազմում կարող է լինել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, Մկրտչյանը նշեց, թե մի քանի օր առաջ քննարկում էին հարցը միջազգային հակակոռուպցիոն փորձագետների հետ, ովքեր ասում էին, որ շատ կարևոր է ապաքաղաքականացումը, բայց նաև ասում էին, որ բացարձակ արգելել որևէ քաղաքական գործչի լինել խորհրդի անդամ՝ դա էլ մյուս ծայրահեղությունն է: «Հրայր Թովմասյանն առաջարկել է, որ 10 անդամի դեպքում 1 պաշտոնատար անձ լինի, 20-ի դեպքում՝ 2, մենք առաջարկում ենք 1 հոգի բոլոր դեպքերում»,-ասաց նա և նշեց, թե դեմ արտահայտվողները խնդիրը քաղաքական հարթության վրա են դիտարկում: «Եթե նայենք խորհրդի կազմը, իսկապես հիմա մեծ թիվ ունեն պաշտոնյաները, և սահմանափակման խնդիր կա, բայց դեպքեր ունենք, որ առաջին դեմքերը ղեկավարում են խորհուրդները՝ համալսարանին հեղինակություն տալու համար»,-ասաց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.