Քաղաքացին պետք է ավելի վստահ լինի, որ օգտվում է անվտանգ սննդից. Կարեն Կարապետյան

 ՀՀ կառավարությունը հստակ պատկերացնում է, թե ինչ պետք է անի, որպեսզի քաղաքացին օր օրի ավելի վստահ լինի, որ օգտվում է ավելի անվտանգ սննդից: Այդ մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ կազմակերպված «Անվտանգ սնունդ. թվային լուծումներ» համաժողովի բացման ժամանակ: Կառավարության ղեկավարը նշեց, որ 2018 թվականին սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը կրում է «Դարձնենք թվային շուկան ավելի ազնիվ» խորագիրը, որը համապատասխանում է մեր երկրում ձևավորվող թվային օրակարգին: «Կարծում եմ, որ ժամանակակից կառավարման գործում թվայնացումը բոլոր ոլորտներին վերաբերող ամենաարդիական թեմաներից մեկն է: Յուրաքանչյուր հանրապետական գործադիր մարմին ըստ ոլորտի պետք է կարևորի թվային գործիքների ներդրումը՝ հաշվի առնելով դրանց մի շարք առավելությունները: Սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտում ևս անհրաժեշտ է առաջադրել թվային լուծումներ: Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում կարևորվում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնած միջոցառումները, ինչպես, օրինակ, պարտադիր սպանդանոցային մորթին անցումը, ռիսկերի գնահատման մոդելի ներդրմանն ուղղված աշխատանքները, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ծրագրի մշակումը և այլն»,-  ասաց Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ նման միջոցառումների նպատակն է ամրապնդել պետական, հանրային և մասնավոր հատվածի պատասխանատվությունը սննդամթերքի անվտանգության և որակի վերահսկողության հարցերում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ակնհայտ է, որ առանց միմյանց հետ համագործակցելու, խնդիրների մասին բարձրաձայնելու, երբեմն նաև քննադատելու հնարավոր չէ լուծում տալ խնդիրներին: «Սպառողի պաշտպանությունն առաջին հերթին իրազեկվածությունն է սեփական իրավունքների մասին և այս առումով մեծ է հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների դերակատարությունն ու ակտիվությունը: Այդ տեսանկյունից սպառողների իրավունքների պաշտպանության շաբաթվա շրջանակում իրականացվող գործողություններն ամբողջությամբ ուղղված են հենց այդ նպատակի իրագործմանը: Վստահ եմ, որ այսօրվա միջոցառմանը, «Անվտանգ սնունդ, թվային լուծումներ» կարգախոսին համապատասխան, կներկայացվեն սննդի անվտանգության ոլորտի թվայնացմանն ուղղված առաջարկություններ և գործուն լուծումներ»,- ասել է վարչապետը: Միաժամանակ, Կարեն Կարապետյանը կարևորեց սննդի անվտանգության ոլորտը և ընդգծեց, որ վերջին տարում Սննդի անվտանգության պետական ծառայությունը կատարել է բազմաթիվ աշխատանքներ:  «Հստակ հասկանում ենք՝ ուր պետք է գնանք, հստակ պատկերացնում ենք՝ ինչպես պետք է անենք, որպեսզի մեր քաղաքացին օր օրի վրա ավելի վստահ լինի, որ ինքն օգտվում է ավելի անվտանգ սննդից: Այստեղ, իհարկե, չափազանց կարևոր է, որպեսզի մեր սպառողն իր իրավունքների մասին իրազեկված լինի և ունենա ակտիվ դիրքորոշում»,- նշեց գործադիրի ղեկավարը: Համաժողովին մասնակցում էին նաև նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար-դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և այլ պաշտոնատար անձինք
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.