ԱՊՀ պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երեւանում հրավիրված ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստի մասնակիցները ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել ցուցանմուշները։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՌԴ ԴԺ ԴԽ անդամ Ալեքսանդր Վայնբերգը նշել է, որ տարիներ առաջ խորհրդային բանակում ծառայելիս ունեցել է հայ ընկերներ, ովքեր նրան առաջին անգամ պատմել են Հայոց ցեղասպանության մասին եւ հավելել. «Զարմացել էի, որ այդքան երիտասարդ, բայց լավ գիտեն սեփական ժողովրդի պատմությունն ու մեծ ցավ են ապրում։ Կարծում եմ, որ աշխարհի բոլոր երկրները, առաջին հերթին Թուրքիան, պետք է ճանաչեն հայ ժողովրդի Ցեղասպանությունը։ Աստված տա, որ այն երբեք չկրկնվի»։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.