Ներքին Հոռաթաղում ջրամատակարարման ցանցի կառուցման ժամանակ կարաս է հայտնաբերվել

Արցախի Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքների ժամանակ ուշ միջնադարյան կարաս է հայտնաբերվել: ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտության խմբի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը, ով նաեւ տեղում պեղման աշխատանքներ է կատարել, ասաց, որ կարասը տնտեսական նշանակություն ունի: «Շինարարները կարասը հայտնաբերել են ջրագիծ անցկացնելիս: Նրանք վնասել են կարասի վերին շուրթը: Այդ տարածքում դեռ 1950-ականներից խաղողի այգիներ կային եւ հնարավոր է, որ այդ կարասում գինի կամ այլ հեղուկ են պահել»,-ասաց նա: Երանյանի խոսքով` կարասը տեղափոխվել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» ֆոնդ: «Շինարարները տեղում շարունակում են աշխատանքները: Ներքին Հոռաթաղ գյուղի այս թաղամասերում եւս ջրամատակարարման ցանցեր են անցկացնելու, եւ շատ հնարավոր է, որ այլ գտածոներ եւս հայտնաբերվեն: Հոռաթաղն ունի հարուստ մշակութային շերտ եւ այնտեղի տարբեր ժամանակներում մի շարք հետաքրքիր գտածոներ, երկաթեդարյա դամբարաններ են հայտնաբերվել»,-հավելեց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.