Ստեփանակերտում կայացել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում

Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան N 3 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել հանրակրթական դպրոցների համատեղ միջոցառում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին: Նախ՝ դպրոցի բակում Արցախյան շարժմանը վերաբերող թեմայով աշակերտների նկարների ցուցահանդես է կազմակերպվել: Այնուհետև դպրոցականները կատարել են ազգագրական երգ ու պար. այն շարունակվել է դպրոցի դահլիճում՝ նաև հայրենասիրական բանաստեղծությունների արտասանությամբ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ ընդհանրապես, շարժման 30-ամյակին նվիրված տոնակատարությունները նպատակ ունեն մեծարելու, հարգանքի տուրք մատուցելու արցախյան շարժման նվիրյալներին, ինչպես նաև հանուն այդ գաղափարների նահատակված հերոսներին: Ն. Աղաբալյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմն ապացուցել է, որ մենք ունենք հայրենասեր հրաշալի սերունդ: «Մեր աշակերտները պետք է իմանան մեր անցած ճանապարհի պատմությունը, հպարտանան մեր պատմությամբ, որ հետագայում իրենք շարունակեն իրենց պապերի ու հայրերի սկսած գործը: Նման միջոցառումները հայրենասիրության դասեր են, որոնք կրթական ու դաստիարակչական մեծ նշանակություն ունեն»,-ավելացրել է նախարարը: Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մարգարյանն էլ իր խոսքում, կարևորելով ազգային գաղափարախոսության անկյունաքար համարվող ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ասել է, որ իրենք արել են ամեն ինչ, որպեսզի մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներն ըստ արժանվույն կազմակերպեն Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված տոնակատարությունները: «Երեսուն  տարի է անցել այն պատմական օրերից, երբ մեր ժողովուրդը հավատալով գորբոչովյան ժողովրդավարությանը բարձրաձայնել է Մայր Հայաստանին միավորվելու իր վաղեմի երազանքը: Հակառակ մեր ազնիվ պայքարի թշնամին այլ կերպ է պատասխանել:Նրանք մեզ պարտադրել  են պատերազմ: Արցախցին պայքարի  է ելել  Մաշտոցի գիրը շուրթերին, Նարեկացու աղոթքը հոգում: Հայ ժողովուրդը բռունցքվել ու դարձել է ավելի ուժեղ, անզիջում և արցախական հողում ծածանելով հայոց հաղթանակած եռագույնը»,-մասնավորապես ասել է Կ. Մարգարյանը: Միջոցառմանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը,Արցախյան  շարժման  առաջամարտիկներ,  ուսուցիչներ, աշակերտներ և այլք:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.