Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ֆրանսիական Բուկ-Բել-Էր քաղաքի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը մարտի 5-ին ընդունել է ֆրանսիական Բուկ-Բել-Էր քաղաքի պատվիրակությանը՝  քաղաքապետ Ռիշար Մալիեի գլխավորությամբ։ Այս մասին  տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով հյուրերին՝ Մասիս Մայիլյանը  երախտագիտություն է հայտնել Ռիչարդ Մալիեին` Ասկերան քաղաքի հետ  ապակենտրոնացված համագործակցության հաստատման և զարգացման հարցում  սկզբունքային և հետևողական  դիրքորոշման համար։ Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև համագործակցությունը Արցախի Հանրապետության՝ միջազգային կապերի զարգացմանն ուղղված քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է  Արցախում ֆրանսախոսության զարգացման կարևորությունը՝  ֆրանսերենին  և ֆրանսիական մշակույթին հաղորդակից լինելու համար պայմանների ստեղծման տեսանկյունից: Բուկ-Բել-Էրի քաղաքապետը, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել՝  ընդլայնելու երկու ժողովուրդների միջև հարաբերությունները։ Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության գործնական ասպեկտների և  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման վերաբերյալ: Ասկերանի և Բուկ-Բել-Էրի միջև բարեկամության հռչակագիրը  ստորագրվել է 2014 թ. նոյեմբերի 19-ին։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.