Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակցի նախաձեռնությամբ սահմանամերձ գյուղերում բարեգործություն կիրականացվի

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցը սահմանամերձ գյուղերի երեխաների համար նախաձեռնել է «Իմ այբուբենը» հետաքրքիր ծրագիր։ Այս մասին տեղեկացրեց «Մինիատյուրա» ընկերության տնօրեն Ավետիք Սուքիասյանը, ով նաև մասնակցել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին։ Ընկերությունը գործում է «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամին կից։ «Կենտրոնի հետ համատեղ ստեղծել ենք մանկական գունավորման մանրանկարչական  ալբոմներ, որի անունն է«Իմ այբուբենը»։ Ունենք նաև թեմատիկ ալբոմներ, որոնք հայրենասիրական բնույթի են՝ պատկերված են հայ հերոսները։ Այս պահին մեր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի տարածենք «Իմ այբուբենը» գիրքը, և արտասահմանում բնակվող բոլոր հայ երեխաները, ովքեր սովորում են հայերեն, ունենան այդ ալբոմներից։ Տառերը սովորական ձևով չեն պատկերված, այլ կենդանիների, մարդկանց, զարդերի տեսքով։ Մենք արդեն իսկ ուղարկել ենք Ռուսաստանի Դաշնության Օմսկ քաղաքի «Լույս» հիմնադրամին, այնտեղ սովորող երեխաների համար»,- նշեց Ավետիքը։ Նրա խոսքով՝ այժմ իրենք ցանկանում են կյանքի կոչել «Իմ այբուբենը» ալբոմի «Սահմանը» ծրագիրը։ Նպատակն է սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաներին նվիրել այդ ալբոմները։ Ալբոմներում պատկերված են լինելու բոլոր հայազգի հերոսները՝ սկսած հայդուկներից մինչև մերօրյա նվիրյալները։ «Ալբոմներում լինելու են և՛ հայդուկները, և՛ արցախյան շարժման, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցները։ Մենք այժմ փնտրում ենք ներդրողներ և ցանկանում ենք նրանց միջոցով սահմանամերձ գյուղեր հասցնել և տեղի ապրող երեխաներին նվիրել «Իմ այբուբենը» ալբոմները։ Առաջիկայում պատրաստվում ենք մեր միջոցներով  մի քանի գյուղերի 7-12 տարեկան երեխաների նվիրել այդ ալբոմներից։ Նպատակ ունենք երեխաների մոտ ավելի բարձրացնել հայրենասիրական ոգին, ավելի մոտեցնել ազգայինին և նորից վեր հանել մանրանկարչությունը»,- ասաց Ավետիք Սուքիասյանը և հավելեց, որ իրենք իրականացնում են ևս մեկ ծրագիր՝ «Բացիկը», որի ժամանակ մանրանկարչության կիրառմամբ մետաքսի կամ այլ կտորի վրա նկարում են։ Ավետը նաև ընդգծեց, որ ներկա պահին նախատեսում են գնալ Տավուշի մարզի սահմանամերձ և, հատկապես, ռմբակոծվող գյուղեր։  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.