Հաղթանակը գրպանս «դրած է». մանկավարժ- թեկնածուն՝ դպրոցում սրում է իրավիճակը

2018 թվականի մարտի 11ին  Հանրապետության մի շարք մարզերում տեղի են ունենալու համայնքապետի ընտրություններ: Մասնավորապես համայնքապետի ընտրություններ նախատեսված են Արարատի,  Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի  մարզերում, իսկ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ: Ընտրական այս գործընթացն ուշագրավ է այն առումով, որ հաջորդելու է երկրում տեղի ունեցող կարեւորագույն իրադարձություններից մեկին, եւ նախորդելու է ոչ պակաս մեկ այլ գործընթացի: Ինչպես հայտնի է մարտի 2-ին տեղի են ունենալու նախագահի ընտրություն, իսկ ապրիլին՝ վարչապետի: ՏԻՄ այս ընտրությունները հետեւաբար լուրջ փորձաքար կարող են դառնալ առաջադրված թեկնածուների  համար: Ակնկալվում է, որ համայնքապետի ընտրությունները բավականին թեժ են անցնելու: Իրավիճակը առավել սրված է  Արարատի մարզում: Norlur.am-ին հայտնի է դարձել, որ այս մարզի Նորամարգ համայնքում կրքերը վերջին շրջանում բավականին թեժացել են: Նորամարգի համայնքապետի պաշտոնին հավակնում է երեք թեկնածու: Առաջադրված երեք թեկնածուներից երկուսը Հանրապետական կուսակցության անդաներ են:  Անկուսակցական  Արսեն Ղահրամանյանը պայքարում է ՀՀԿ-ականներ Գեւորգյան Արմենի, ով համայնքապետարանի առաջատար մասնագետն է, եւ Թադեւոսյան Արմանի դեմ:  Վերջինս գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ է: Նշենք, որ երկու Հանրապետական թեկնածուներն էլ ինքնառաջադրվել են, այսինքն չեն վայելում իրենց  հարազատ կուսակցության վստահությունը: Մինչդեռ  մեզ հայտնի է դարձել, որ մասնագիտությամբ  մանկավարժ Արման Թադեւոսյանը դպրոցում հայտարարել է, որ ոչ միայն  վայելում է իշխող ՀՀԿ-ի հովանավորչությունը,այլ նաեւ  հաղթանակն արդեն իսկ գրպանում դրված է: Գյուղում եւ մասնավորապես դպրոցում տիրող անառողջ մթնոլորտի մասին արդեն իսկ լրատվամիջոցներում որոշ  հրապարակումներ կան: Մասնավորապես  Նորամարգ գյուղի բնակիչները լրատվամիջոցերից մեկի  հետ մասնավոր զրույցում հայտնել են,  որ դպրոցում սկսվել են նախընտրական խլրտումները, դպրոցում թեկնածուների բարեկամ աշակերտների նկատմամբ արդեն զգացվում են ագրեսիայի, երեխաների քաշքշելու, նույնիսկ ապտակելու դրսեւորումներ։ Մեր ունեցած  տեղեկություններով այս ամենը կազմակերպվում եւ հրահրվում է մանկավարժ – թեկնածուի կողմից: Վերջինս մեր խմբագրություն դիմաց գյուղաբնակների պնդմամբ գրեթե ամեն օր հատուկ  խորհրդակցություններ է հրավիրում կոլեկտիվի շրջանում, կոչ անելով ընտրել իրեն, քանի որ միեւնույնն է ՀՀԿ-ի շնորհիվ ինքն արդեն գյուղապետ է, եւ  մյուսների  համար լավ կլինի, որ իր հետ բարիդրացիական հարաբերություններ ունենան: Այն, որ մանկավարժներից շատերը  վաղուց ներքաշված են ընտրական  գործըթացների մեջ, եւ ժամանակին՝ ՀՀԿ-ին մատուցած ծառայությունների  համար ժամանակի ընթացքում ստանում  իրենց հասանելիքը, հայ հասարակությունը մեկ անգամ չէ, որ ականատես է եղել: Թույլ կտա արդյոք այս անգամ, այս դեպքում՝ նորամարգցին ցույց կտա ժամանակը: Հավելենք, որ գյուղում տիրող իրավիճակի, նախընտրական եւ բուն ընտրական գործընթացի վերաբերյալ այլ մանրամասներ կներկայացնենք առաջիկայում:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.