Արարատ քաղաքում բացվել է անգլերենի ուսուցման ակումբ

Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ փետրվարի 8-ին Արարատ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում բացվել է անգլերենի ուսուցման ակումբ։ Ակումբի բացումն իրականություն է դարձել Միացյալ Թագավորության կառավարության հովանավորությամբ՝ <<Փոփոխության սերունդ>> ծրագրի շրջանակներում։ Բացման արարողությանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը, ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսոն Չիքը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, մանկավարժներ, հյուրեր։ Ակումբի բացման պաշտոնական արարողությանը Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից ներկաներին ողջունել է մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը։ Շնորհակալանքի խոսքեր ուղղելով ակումբի բացումը նախաձեռնողներին ու հովանավորողներին՝ Իլյիչ Շադյանը կարևորել է աշակերտների օրն իսկապես տոն դարձնելն ու կրթական յուրօրինակ միջավայր ձևավորելը։ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսոն Չիքը նույնպես շնորհավորել է ներկաներին անգլերենի ակումբի բացման արարողության կապակցությամբ և մաղթել աշակերտներին ու մանկավարժներին հաջող կրթական գործընթաց։ Կարմիր ժապավենի կտրվան խորհրդանշական արարողությունից հետո ակումբի աշակերտները, հյուրերի ներկայությամբ մասնակցել են փորձնական բաց դասի։ Ավելացնենք, որ <<Փոփոխության սերունդ>> ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի համայնքներից 4-ում 10-15 տարեկան երեխաների ուսուցման և հետագա կարիերայի ստեղծման հնարավորություններին՝ առաջարկելով նրանց անգլերենի արտադասարանական պարապմունքներ։ Այդ նպատակով ծրագրի շրջանակներում անցկացվել են մասնագիտական վերապատրաստման կուրսեր անգլերենի ուսուցիչների համար, ովքեր հունվարի 28-ից փետրվարի 2-ը մասնակցել են վերապատրաստման դասընթացների Միացյալ Թագավորության Էդինբուրգ քոլեջում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.