Դանիելա Մարի Ազատյան․ «Իտալական անձնագրով, գերմանական նվաճումներով հայուհին»։

Աշխարհում հազարավոր դրամատիկ պատմություններ կան աշխարհասփյուռ հայերի մասին։ Տարբեր են դրանք, բայց մեկն է նպատակը՝ աշխարհին հանրամատչելի դարձնել հային ու Հայաստանը՝ տարբեր բնագավառներում և հնարավոր բոլոր օղակներով։ Մեծամասշտաբ Եվրոպայում հոդվածի հերոսուհուն, ավելի կոնկրոտ Գերմանիայում, սկսեցին ճանաչել նրա ատենախոսության շնորհիվ։ Դա սովորական թեզ չէր, ոչ էլ ուղղակի բառակույտ։ Մտքեր էին, որ ունեին հստակ շեշտադրումներ և կոնկրետ հասցեատերեր։ Դանիելա Մարին ծնվել է Բեռլինում։ Ծնողները Իտալիայի քաղաքացիներ են, աշխատանքային պայմանագրով տեղափոխվել էին Բեռլին։ Կրթությունը ստացել է Եվրոպայում, բայց մաքուր գրում, խոսում է հայերեն․ իրեն համարում է Հայաստանի քաղաքացի։ Ցանկացած սովորական առիթ պատճառ է, որ նա Հայաստան գա, ճանաչի իր Հայրենիքը, հայերենով շփվի հայրենակիցների հետ։ Տարվա մեջ ամենաքիչը երկու անգամ նման առիթ լինում է։ Մայրը ցանկացած առիթով նշում է, որ եվրոպական հողում նրանք հավերժ հյուրեր են, մշտական հասեն Հայաստանն է։ Մայրը՝ տիկին Շուշանը, աղջկա դպրոցական տարիները մեծ հպարտությամբ է հիշում։ Ասում է, որ դպրոցի միակ հայը աղջիկն էր, իսկ դա արդեն մեծ պատասխանատվություն էր։ Բարդ տարիներ էին, քանի որ բազմազգ դպրոցում, որտեղ կողք կողքի սովորում էին նաև թուրքեր, արաբներ, հայի տեսակը կորցնելու մեծ վտանգ կար։ Տարիներ շարունակ մայրը պատվիրում էր հայկական գրքեր, Հայաստանի մասին պատմող ֆիլմեր, արձակուրդներին էլ Դանիելային Հայրենիք էր բերում։ Մի անգամ էլ մայր ու աղջիկ որոշում են դպրոցում Հայաստանի օր հայտարարել։ Մի քանի օր շարունակ զբաղվում են նախապատրաստական աշխատանքներով։ Հայկական անկյուն են ձևավորում, ազգային ուտեստներ պատրաստում, ազգային երգ ու պարեր սովորում, որ սովորեցնեն հյուրերին։ Եվ զարմանալին այն էր, որ ամենաշատ գովասանքի խոսքերը լսել են հենց թուրքերից։ Հայաստանի օրվա մասին գրեց նաև դպրոցի թերթը, որտեղ թուրք աշակերտները կիսվել էին իրենց տպավորություններով․ «Դանիելա Մարիի միջոցով ավելի խորքային ճանաչեցինք Հայաստանը։ Եթե պատմությունը մեզ համարում է թշնամիներ, մենք այսօր հրապարակավ պնդում ենք հակառակը՝ մենք ապրում ենք սիրով, հարգում միմյանց։ Մենք ապրում ենք ներկայով, նոր հիմքեր գցում, որ Գերմանիայում հայերն ու թուրքերը ապրեն ինչպես հին բարեկամներ»։ Եվ չնայած փոքր հասակին, Դանիելան հասցրել է մեկ տասնյակից ավելի երկրներում լինել։ Տիրապետելով հայերեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն և իսպաներեն լեզուներին, եվրոպական լսարանին հնարավոր բոլոր միջոցներով խոսել է Հայաստանի ու Հայոց Ցեղասպանության մասին։ Երբ Գերմանիան ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, հոդվածի հերոսուհին որոշեց ավելի կոնկրետ փաստերով խոսել Մեծ Եղեռնի մասին։ Հայերի կոտորածի մասին որոշեց խոսել թուրքակական լսարանի առջև՝ գիտակցելով հարցի լրջությունը։ Ատենախոսությունը վերաբերում էր Հայոց Ցեղասպանությանը։ Դանիելայի համոզմամբ, եվրոպական լսարանը ինֆորմացիայի պակաս ունի։ Հենց դա է պատճառը, որ եվրոպացին դժվարանում է հստակ դիրքորոշում հայտնել Մեծ Եղեռնի մասին։ Թեման դժվարամարս է, քանի որ Գերմանիայում թուրքակական համայնքը մեծ է՝ չորս միլիոն։ Թեմայի հաստատումը թվում էր գրեթե անհավանական։ Հանձնաժողովի նախագահն ու մի քանի անդամներ թուրք էին, ուսանողների զգալի մասը ևս։ Գրեթե մեկ տարի նա տնտղեց, վեր հանեց պատմական կարևոր փաստերը, ամբողջացրեց նյութերը և գրեթե հարյուր էջանոց եկույթ պատրաստեց գերմաներենով, անգլերենով։ Մոտ երկու ժամ տևած ելույթի ընթացքում, ըստ Դանիելայի, ամեն պահի սպասում էր, որ նրան կընթատեն, չեն թողնի շարունակել։ Բայց ամեն ինչ այլ ընթացք ունեցավ։ Լսարանում, որտեղ խոսվում էր Օսմանյան կայսրության բարբարոսության մասին, քար լռություն էր։ Հերոսուհու հավաքագրած փաստերը այնքան հավաստի են եղել, որ նույնիսկ լսարանում ներկա թուրք մի քանի պատմաբաններ ոչինչ չեն ասել, չեն հակադարձել։ Ելույթի վերջում հանձնաժողովի նախագահը՝ ազգությամբ թուրք, անկեղծացել է, ասելով, որ ոչ ոք չի ժխտում փաստը, ոչ ոք ոչինչ չի մոռանում։ Իսկ պատմաբանները միջոցառման ավարտին ասել են, որ չեն ժխտում, բայց այսօրվա թուրք հասարակությունը ոչինչ անել չի կարող։ Դանիելան հակադարձել է, ասելով, որ իր սերնդակից թուրքերը պարտավոր են իմանալ իրական պատմությունը, պետք է հասկանան, որ հայը պարտվող տեսակ չի, արդարության համար պայքարում է արդեն մեկ դար։ Հայոց ցեղասպանության մասին թեզը ներկայացվել է Բեռլինի կրթության վարչության։ Ըստ հանձնաժողովի, դա միակ ազդեցիկ ատենախոսությունն է եղել ամբողջ տարվա ընթացքում։ Դանիելա Մարին որոշել է Մեծ Եղեռնի հատուկ շարք սկսել, գտնել Ցեղասպանություն վերապրած հայերի, հավաքագրել լուսանկարներ, տարածել ամբողջ Եվրոպայում։ Ասում է, որ պարտավոր է և պարտադրված։ Չլիներ 1915-ի ոճրագործությունը, հայերը կապրեին իրական Հայաստանում։ Ու եթե նրանք ապրում են աշխարհով սփռված, ոչ միայն Հայաստանի, նաև աշխարհի քաղաքացիներ են։ Նրանք բոլորն էլ ազդեցիկ դեմքեր են, շարժիչ ուժեր տարբեր երկրներում։ Եվ Թուրքիան հասկանում է, որ նրանք բոլորն էլ հայեր են։ Մի ազգ, որին փորձեց բնաջնջել, բայց պարտվեց։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.