Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին ընտանեկան բռնության դեմ նոր օրինագիծը կյանքի կոչելու հարցում

 Եվրամիությունը պատրաստ է Հայաստանին աջակցություն ցուցաբերել ընտանեկան բռնության դեմ նոր օրինագիծը կյանքի կոչելու հարցում: ՀՀ խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահ Սաջադ Քարիմը։ «Մենք կարևորում ենք այն, որ վերջին հաշվով օրենսդրությունն ապահովի տուժածների պաշտպանությունը։ Եվրամիությունը պատրաստ է, այդ թվում, փորձագիտական օժանդակություն ցուցաբերել», - ասաց նա։ Սաջադ Քարիմը նաեւ տեղեկացրեց, թե ոստիկանության կողմից եղել են դիմումներ առ այն, որ դեպքի վայր մեկնած առաջին արձագանքողների խմբի համար պետք է կազմակերպվեն դասընթացներ, որպեսզի նրանք ճիշտ կերպով կարողանան վարվել դեպքի վայր ժամանելիս: «Մենք ուրախ կլինենք նման դասընթացներ կազմակերպել»,- հավելեց Սաջադ Քարիմը: Հայաստանի Ազգային ժողովը դեկտեմբերի 13-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է ընտանիքում բռնության դեմ պայքարի և դրա կանխարգելման մասին օրինագիծը: Օրենսդրական նախաձեռնության նպատակներն են ընտանիքում բռնության կանխարգելումը, այդ բռնության պատճառով տուժած անձանց իրավունքների պաշտպանությունը, ընտանիքում համերաշխության վերականգնումը: Օրենքը նախատեսում է ընտանիքում բռնությունների կանխարգելում և այդ նպատակին հասնելու համար առաջարկում կոնկրետ մեխանիզմներ: Օրենքը ենթադրում է պաշտպանական կամ կանխարգելիչ միջոցներ, որոնք երեքն են` նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն,  պաշտպանական որոշում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.