fbpx
// Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-նոյեմբերին 7.3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:  ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում:

Այս տարվա 11 ամիսներին աճ է արձանագրվել անգամ շինարարության ոլորտում. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 0.3 տոկոսով՝ կազմելով 324 միլիարդ 558 միլիոն դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-նոյեմբերի ցուցանիշը 4.9 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2016 թ. հունվար-նոյեմբերի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 14.2 տոկոսով` կազմելով 1 տրիլիոն 311 մլրդ 188.4 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 3.9 տոկոսով` կազմելով 811 մլրդ 713.8 մլն դրամ:

Սպառողական գների ինդեքսը 2017-ի նշյալ ժամանակահատվածում ավելացել է 0.8 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 3.9 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է 14.4 տոկոսով և կազմել 2 տրիլիոն 272 մլրդ 476.9 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 1 տրիլիոն 491 միլիարդ 375.5 միլիոն դրամ է, ինչը 12.3 տոկոսով ավելի է 2016 թ. հունվար-նոյեմբերի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.6 տոկոսով (189 հազար 631 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 159 հազար 270 դրամ, նախորդ տարվա համեմատ մնալով նույնը, իսկ մասնավոր հատվածում կազմել է 225 հազար 966  դրամ` 2016-ի հունվար-նոյեմբերի համեմատ աճելով 3.6 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2017 թ. հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 26.4 տոկոսով (5 մլրդ 784.2 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 23.5 տոկոսով (2 միլիարդ 013.8 մլն դոլար), իսկ ներմուծումը` 28 տոկոսով (3 մլրդ 770.4 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հոկտեմբերին եղել է 482.67:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-12-20T15:34:00+00:00 Դեկտեմբերի 20 15:33|Լուրեր|Մեկնաբանությունները կասեցված են Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3 տոկոսով-ում
//
//