Խորհրդարանը եւս պետք է զգալի աշխատանք կատարի ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի դրույթների իրականացման հարցում. ԵՄ պաշտոնյա

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն իսկապես պատմական է: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ավարտից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցությանհանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը` ընդգծելով, որ այն կաջակցի մի շարք ոլորտների,  այդ թվում` ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանը, առեւտրին, ներդրումներին, կրթությանը եւ այլն: «Սա ճամփորդության միայն սկիզբն է: Սա ինքնին դեռեւս նվաճում չէ. այն նվաճում է, որը թույլ է տալիս ընդլայնել եւ խորացնել արդեն գոյություն ունեցող հարաբերությունները, եւ մենք լիահույս սպասում ենք վավերացման գործընթացին»,-ասաց Սաջադ Քարիմը: ԵՄ պաշտոնյան նշեց, որ ՀՀ խորհրդարանը եւս պետք է դեռ զգալի աշխատանք կատարի, որպեսզի համաձայնագիրը եւ դրա ներքո կատարվելիք աշխատանքը իրականացվի։ «Համաձայնագիրը ներառում է շատ լավ հիմք ֆինանսական օժանդակության ցուցաբերման համար եւս։ Մենք ավանդաբար «ավելին՝ ավելիի դիմաց»  սկզբունքով ենք աշխատել, որն իր հետ ինչ-որ պայմաններ է բերում։ Հայաստանն այդ առումով պետք է ցույց տա, որ մեր կողմից նախանշված ոլորտներում ինքն առաջընթաց ունի», - նշեց Սաջաք Քարիմը` հիշեցնելով, որ բոլոր այդ ոլորտների հիմքում ընկած են Հայաստանի եւ հայերի ցանկությունները դեպի ապագայի զարգացումները, իսկ Եվրամիությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել այդ հարցում: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարեւորեց այն, որ ՀՀ խորհրդարանում դեկտեմբերի 19-20-ը անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստը կազմակերպվել է հենց անմիջապես ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումից հետո նման կարճ ժամանակահատվածում: Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ նիստի ավարտին ընդունվել է երկկողմ  խորհրդարանական  համագործակցությանն  առնչվող փաստաթուղթ, որն, ըստ  նրա, շոշափում է համագործակցության ամբողջական օրակարգը՝ ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրները, քաղաքական համակարգի շարունակական կատարելագործումը, անվտանգության և տարածաշրջանային խնդիրները։ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում կողմերը վերահաստատել են այն հիմնական ուղերձը, որը գրված է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրում՝ խնդիրը բացառապես պետք է լուծել խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի համանախագահների ջանքերով եւ երեք սկզբունքներով՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք»,- ասաց նա: Արմեն Աշոտյանը շեշտեց, որ փաստաթղթում հայկական կողմը նաեւ նշել է, որ  հայ-թուրքական հարաբերությունները Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների միջոցով կարգավորելու Հայաստանի նախաձեռնությունը տապալվում է թուրքական կողմի ոչ կառուցողական մոտեցման, նախապայմանների լեզվով խոսելու պատճառով: Բրյուսելում նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՄ արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.