/// Հայաստանում կներդրվի մաքսային հսկողության նոր գործիք՝ բեռների վերահսկման ինտեգրված ավտոմատ համակարգ

Հայաստանում կներդրվի մաքսային հսկողության նոր գործիք՝ բեռների վերահսկման ինտեգրված ավտոմատ համակարգ

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության համար 2017 թվականը հատկանշվել է մաքսային կանոնների խախտման առանձնապես խոշոր բացահայտումներով: Մասնավորապես, կանխվել են տարբեր տեսակի թմրամիջոցների, թանկարժեք զարդերի  և այլ ապրանքների ապօրինի ներկրման բազմաթիվ փորձեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՊԵԿ նախագահի հանձնարարականով խնդիր է դրվել՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ և ընթացակարգերի պարզեցմամբ մատուցել արդյունավետ, միաժամանակ աննկատ հսկողություն՝ առավել դյուրացնելով սահմանահատումը բիզնեսի համար: Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանի հավաստմամբ՝ կադրային քաղաքականությունը և տեխնիկական հագեցվածությունը թույլ են տալիս սահմանից սկսած՝ պատշաճ հսկողություն իրականացնել ներկրվող և արտահանվող բեռների նկատմամբ. «Ռենտգենյան զննման գերժամանակակից սարքավորումները հնարավորություն են տալիս տարբեր ժամանակահատվածներում և ըստ անհրաժեշտության բեռների լիարժեք զննում իրականացնել  ոչ միայն մաքսային հսկողության տարբեր գոտիներում, այլև ցանկացած վայրում՝ շարժական համակարգի միջոցով»:  ՀՀ սահմանը հատած ցանկացած բեռնատար մեքենա զննվում է «Ռապիսկան» սարքավորման միջոցով. ՆՀՎ մասնագետները ստուգում և համեմատում են փաստաթղթային տվյալները՝ բեռնատարում գտնվող ապրանքների հետ, կասկած առաջանալու դեպքում բեռների ռենտգենյան սկանավորումից ստացված պատկերն ուղարկվում է նախաբացթողումային հսկողության վարչություն` վերլուծության և ռիսկային  գնահատման համար: Անհամապատասխանության դեպքում բեռն անմիջապես վերցվում է հսկողության, միաժամանակ տեղեկատվությունն ուղարկվում է նշանակման վայր: Մաքսակետից մինչև նշանակման վայր հասնելը բեռնատարը գտնվում է նախաբացթողումային հսկողության ներքո:

Բարեփոխումների շրջանակում նաև նվազագույնի է հասցվել մաքսային հսկողությունը: Ըստ Գեղամ Մովսիսյանի, ընթացակարգերի բարելավման արդյունքում զգալի ավելացել է «կանաչ ուղու» տեսակարար կշիռը, ինչը նշանակում է, որ համակարգը հնարավորություն է տալիս ապրանքները բաց թողնել առանց զննության. ««Կանաչ ուղի» ընթացակարգով սպասարկվում է օրական շուրջ 100 բեռնատար, ամբողջ գործընթացը տևում է 2-3 րոպե»:

ՆՀՎ պետը վստահեցնում է` համակարգի արդիականացմամբ և հսկողական մեխանիզմների անընդհատ կատարելագործմամբ մաքսային իրավախախտումների բացահայտման մակարդակն էապես բարձրացել է: Իսկ 2018 թվականից ՊԵԿ տեխնիկական բազան կհամալրվի իրավախախտումների կանխարգելման և հայտնաբերման լրացուցիչ գործիքով. ներդրվելու է բեռնափոխադրման վերահսկման ինտեգրված ավտոմատ համակարգ: Մասնավորապես, կիրառվելու է ժամանակակից հնարավորություններով օժտված՝ մաքսային ապահովման միջոցների նոր մոդել, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել դրանց վնասման դեպքերը: Հսկողական նոր մեխանիզմով՝ սահմանը հատած բեռնատարի կապարակնքումից մինչև նշանակաման վայր հասնելու ամբողջ ժամանակահատվածը կգտնվի ՊԵԿ մոնիթորինգային կենտրոնի տեսադաշտում: Գեղամ Մովսիսյանի տեղեկացմամբ՝ սահմանին տեղադրված սարքավորումների միջոցով ավտոմատ կհավաքագրվի ՀՀ մտնող բեռների վերաբերյալ նախնական տեղեկատվություն՝ (բեռնատարի պետհամարանիշը, բեռնարկղի համարը, բեռի հետ համատեղ տրանսպորտային միջոցի եզրաչափերը): Իսկ բեռի վերաբերյալ մնացած տվյալները կմուտքագրվեն օպերատորի կողմից (բեռի անվանումը, ներմուծող ընկերությունը, նշանակման մաքսային պահեստը, շարժման երթուղին, ռենտգենյան սկանավորմամբ ստացված պատկերը): Հավաքագրված տվյալները կներմուծվեն GPS կողպեքի հիշողության մեջ և ձևակերպումներից հետո այն կամրացվի տրանսպորտային միջոցին: «Բեռնատարի տեղաշարժը վերահսկվելու է GPS կողպեքի և GSM ցանցի միջոցով: Ցանկացած պահի հայտնի է լինելու բեռի կարգավիճակը և նրա աշխարհագրական դիրքը, ընդ որում, յուրաքանչյուր անթույլատրելի քայլի դեպքում Էլեկտրոնային կողպեքը ահազանգ է ուղարկելու կենտրոն, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի շեղում նախատեսված երթուղուց, երկարատև կանգառ, կողպեքի բացման փորձ, սնուցման մարտկոցի հետ կապված ցանկացած խնդիր և այլն»,-նշել է Գեղամ Մովսիսյանը:

Նոր մոդելի ևս մեկ առանձնահատկություն. ՆՀՎ աշխատակիցը ձեռքի հատուկ սարքով կարող է ցանկացած պահի մոտենալ և անմիջապես կողպեքից կարդալ բեռի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունն՝ առանց փաստաթղթերը ստուգելու: Բեռի տեղաշարժը հսկվելու է ՊԵԿ մոնիթորինգային կենտրոնում և նախաբացթողումային հսկողության վարչության շուրջօրյա հերթապահ ծառայությունում: Մոնիթորները կարտացոլեն բեռնատարների տեղաշարժման երթուղին և կարգավիճակը: Համակարգչի էկրանից ընտրելով բեռնատարը, բացվող պատուհանում կարտացոլվի մեքենայի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը և ռենտգեն սկանավորման պատկերը: Նշանակման վայր հասնելուց հետո, եթե արտաքին զննմամբ խախտումներ չհայտնաբերվեն, տեսուչը կհանի էլեկտրոնային կողպեքը՝ համակարգչում կատարելով համապատասխան նշումներ, որից հետո տվյալ բեռի պատկերը կանհետանա վերահսկվող մեքենաների ցանկից:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-12-20T15:13:51+00:00 Դեկտեմբերի 20 15:13|Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են Հայաստանում կներդրվի մաքսային հսկողության նոր գործիք՝ բեռների վերահսկման ինտեգրված ավտոմատ համակարգ-ում
//
//