Գյումրիում բացվեց Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոն

Գյումրիում դեկտեմբերի 20-ին բացվեց Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոն, որն, ըստ էության, Երևանում 2009 թվականի բացված համանուն կենտրոնի մասնաճյուղն է: Կենտրոնի բացմանը ներկա էին ԱՊՀ արտասահմանում բնակվող հայրենակիցների, միջազգային մարդասիրական համագործակցության Դաշնային գործակալության («Ռոսսոտրուդնիչեստվո») տնօրենի Ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Ֆրոլովը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների, տարբեր գերատեսչությունների և ռուսական համայնքի ներկայացուցիչներ: Կենտրոնի հիմնական խնդիրներից է լինելու Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ մշակութային, կրթական, գիտատեխնիկական եւ տեղեկատվական կապերի զարգացումը, Գյումրիում բնակվող ռուսաստանցիների շրջանում մշակութա- լուսավորչական գործունեությունը, միջազգային, ռեգիոնալ եւ ազգային ոչ կառավարական կազմակերպությունների միջեւ շփումների խորացումը: Կենտրոնում կգործի նաեւ գրադարան, կկազմակերպեն ռուսաց լեզվի դասընթացներ: «Ինձ համար այսօր մեծ պատիվ է ներկա գտնվել այս կենտրոնի բացմանը Գյումրիում: Սա երկու երկրների համագործակցության մի նոր նախագիծ է: Սրան մենք երկար ենք սպասել, սա մի հումանիտար կարևոր կենտրոն կլինի Հայաստանի երկրորդ քաղաքում»,- իր խոսքում նշեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանն ու տեղական իշխանություններին՝ կենտրոնի բացմանն աջակցելու համար: «Ռուսաստանն ու Հայաստանը շահագրգռված են բոլոր բնագավառներում հարաբերությունների խորացմամբ, իսկ հումանիտար ոլորտը հատուկ տեղ է գրավում: Մեր երկրները հումանիտար համագործակցության մեծ կապեր ունեն ու այդ կապերը խորացնելու բոլոր հնարավորությունները»,-հավելեց Իվան Վոլինկինը՝ նորաբաց կենտրոնին արդյունավետ գործունեություն մաղթելով: Առ այն, որ նորաբաց կենտրոնը կլինի ռուսական մշակույթի լավագույն կենտրոններից մեկը՝ վստահություն հայտնեց նաև «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի տնօրենի Ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Ֆրոլովը: « Ես ցանկանում եմ, որ այս կենտրոնն իրոք լավ տուն դառնա բոլոր այցելուների համար, և բոլոր այցելուները կարողանան իրենց հումանիտար խնդիրների պատասխանն այստեղ գտնել, միայն պետք է հետաքրքրությունը նաև ձեր կողմից լինի: Կենտրոնը պատրաստ է ցանկացած լավ ծրագիր ու գաղափար կյանքի կոչելու»: «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի առաջին մշակութային կենտրոնը Հայաստանում բացվել է 2009 թ. ապրիլին Երևանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ: Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններից է երկկողմ մարդասիրական համագործակցության զարգացումը մշակույթի, գիտության, կրթության և ռուսաց լեզվին աջակցության ոլորտներում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.