Սեւանա լճում դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 15-ը արգելվում է ձկան եւ խեցգետնի որսը

Սեւանա լճում, կապված սիգի ձվադրության շրջանի հետ, առաջիկա 26 օրվա ընթացքում կարգելվի ձկան եւ խեցգետնի որսը: Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչության պետ Եղիշ Տերտերյանը, «Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը, Սեւանի ափամերձ համայնքների ղեկավարներ, պաշտոնական այլ անձինք: Հրապարակելով ձկան եւ խեցգետնի որսի արգելքի մասին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանը՝ Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ արդեն մշակվել է բնապահպանության նախարարություն-Գեղարքունիքի մարզպետարան-ոստիկանություն համատեղ միջոցառումների ծրագիր-ժամանակացույց, որը գործողության մեջ է դրվելու այսօրվանից՝ դեկտեմբերի 20-ից: «Հսկողություն է սահմանվելու լճափնյա տարածքներում, շուկաներում ու վաճառքի կետերում, բնակավայրերում, ճանապարհներին տեղադրվելու են շարժական հսկիչ կետեր: Հիմնովին արգելվում է լողամիջոցների մուտքը դեպի լիճ, նաեւ՝ խեցգետնի ու բոլոր ձկնատեսակների որսը: Սա այն շրջանն է, երբ մենք ամենայն պատասխանատվությամբ եւ համատեղ ուժերով պետք է կարողանանք իրականացնել ձկնորսության արգելքը: Կոչ եմ անում բոլոր կողմերին, այդ թվում՝ Սեւանի ափամերձ համայնքների ղեկավարներին, որպեսզի սիգի վերարտադրության շրջանում բացառվի ձկան որսը, որպեսզի ողջ գործընթացը վերցվի բավարար վերահսկողության տակ: Շատ ցանկալի է, որ բացատրական աշխատանքի միջոցով կարգավորվեն բոլոր խնդիրները, հակառակ դեպքում լինելու ենք չափազանց խիստ: Պատասխանատվության կենթարկվի ոչ միայն ձուկ վաճառողը, այլ նաեւ ձկնորսն ու մյուս անձինք, որոնց միջոցով ձուկը հայտնվել է շուկայում կամ վաճառքի այլ կետերում, իսկ պատժիչ գործողությունների մասին հանրությանը կտրվի համապատասխան տեղեկատվություն»,-հավաստիացրեց նախարարը: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն իր հերթին հույս հայտնեց, որ մարզպետարանը եւ համայնքների ղեկավարներն ու աշխատակազմերի անդամները կկարողանան վերահսկել իրավիճակը եւ նախարարության, բնապահպանության տեսչության ու ոստիկանության հետ համագործակցությամբ կպահպանեն արգելանքի ռեժիմը: «Ձկան որսի արգելքը բխում է նաեւ մեր ժողովրդի շահերից: Այն միմիայն նպաստելու է ձկան պաշարների ավելացմանը: Հույս ունեմ, որ բացատրական աշխատանքի միջոցով, մեր անմիջական վերահսկողությամբ միջոցառումը կիրականացնենք հավուր պատշաճի»,-նշեց մարզպետը: «Լինելու ենք խիստ եւ հետամուտ բոլոր դեպքերի բացահայտմանը: Գործելու ենք ոչ միայն մարզի, այլև ամբողջ հանրապետության տարածքով մեկ: Խախտումներ հայտնաբերելու դեպքում գնալու ենք մինչեւ վերջ՝ պարզելու, թե ով է կատարել որսը, ով՝ տեղափոխությունը կամ միջնորդավորված վաճառքը»,-նշեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը: «Շատ եմ կարեւորում Սեւանի ափամերձ համայնքների ղեկավարների դերը, ինչպես նաեւ բացատրական ու համագործակցված աշխատանքը: Մեր կողմից էլ կլինի չափազանց խիստ մոտեցում, կարվի հնարավորը, որպեսզի նվազագույնի հասցվեն օրինախախտման դեպքերը»,-հայտարարեց ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչության պետ Եղիշ Տերտերյանը: Համայնքի ղեկավարներն առաջարկեցին ձկնորսներին տալ երկու օր ժամանակ՝ որսացանցերը լճից ամբողջությամբ դուրս բերելու համար:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.