Երևանի դատարանները միավորող նախագիծը սահմանադրական օրենք չէ. Դավիթ Հարությունյան

ՀՀ  արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը վստահեցնում է, որ խորհրդարանը Երևանի բոլոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները միավորող օրինագիծն ընդունել է առանց խախտումների: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի քվեարկությունն անցավ թեժ մթնոլորտում, իրականում սահմանադրական օրենք չէ, և պատգամավորների առնվազն 3/5-ի պահանջը չկար: «Այստեղ խոսքը ոչ թե Դատական նոր օրենսգրքի մասին է, որը սահմանադրական օրենք է, այլ Դատական գործող օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, հետևաբար դա սահմանադրական օրենք չէ: Մենք Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում բազմաթիվ անգամ փոփոխություններ ենք իրականացրել, սակայն երբեք դա չենք դիտարկել որպես սահմանադրական օրենք: Սահմանադրական օրենք էր այն օրենքը, որով կարգավորվում է այս Ազգային ժողովի կանոնակարգը, սահմանադրական օրենք է Դատական նոր օրենսգիրքը, որը ես հիմա ներկայացնում եմ, բայց ոչ այն փոփոխությունների նախագիծը, որը ներկայացրել է իմ տեղակալը» նշեց Հարությունյանը: Նա մանրամասնեց, որ նոր Դատական օրենսգիրքն  անդրադառնում է նաև Սահմանադրության համապատասխան հոդվածներին: «Այն օրենքը, որը փոփոխությունների նախագիծ է, սահմանադրական չէ»,- կրկնեց նախարարը: Դիտարկմանը, թե ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հարցը քվեարկության դնելուց առաջ հայտարարեց, որ օրենքի նախագիծը սահմանադրական է և պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ով, Դավիթ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ շփոթմունքն այդտեղից է եկել: Նա նշեց, որ օրինագծն ընդունելու համար 63 կողմ ձայնի պարտադիր պահանջ չկար, քանի որ այն սահմանադրական չէր: «63 ձայնի պահանջ կա Դատական նոր օրենսգրքի դեպքում, որը ես մի քանի րոպե առաջ զեկուցում էի դահլիճում, որովհետև այն սահմանադրական օրենք է»,- եզրափակեց Հարությունյանը: Հայաստանի խորհրդարանը 63 կողմ ձայնով ընդունել է Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է Երևանի բոլոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները միացնել և Երևանում ունենալ մեկ ընդհանուր իրավասության դատարան: Հարցը քվեարկության դնելուց առաջ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդգծեց, որ օրենքը սահմանադրական է, հետևաբար պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով: Քվեարկությունն անցավ թեժ մթնոլորտում, քանի որ անհրաժեշտ 63 ձայնի փոխարեն կողմ էր քվեարկել 61 պատգամավոր, այնուհետև գումարվեցին նաև Ռուստամ Մախմուդյանի ձայնը, ում կոճակը չէր աշխատել և Արփինե Հովհաննիսյանի ձայնը, ով գործուղման մեջ էր և նախագծի վերաբերյալ թողել էր իր դրական կարծիքը: Նախագծին կողմ էր քվեարկել նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, այն դեպքում, երբ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները քվեարկությանը չէին մասնակցել: Ընդդիմադիրները պահանջում էին, որպեսզի հարցը կրկին դրվի քվեարկության, սակայն Արա Բաբլոյանը հայտարարեց, որ որոշումն ընդունվել է, քվեարկության դրեց հաջորդ հարցը, ինչից հետո ընդդիմադիր պատգամավորները ցուցադրաբար լքեցին դահլիճը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.