Թուրքիան ցանկանում է ավելացնել Ադրբեջանից և Իրանից գնվող նավթի ու բնական գազի ծավալները

Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը պատրաստվում են ակտիվացնել էներգետիկ ոլորտում երեք երկրների միջև առկա համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում ԱԳՆ ղեկավարների մակարդակով կայացած եռակողմ հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը: «Մենք գնում ենք նավթ և բնական գազ և՛ Իրանից, և՛ Ադրբեջանից, ցանկանում ենք ավելացնել այս երկու եղբայրական պետություններից գնվող նավթի ու բնական գազի ծավալները: Մեր կողմից շարունակվում են նաև աշխատանքներն իրանական գազը միջազգային շուկա հանելու ուղղությամբ»,- հայտնել է Չավուշօղլուն՝ շեշտելով, որ հարևան երկու պետությունները կարևոր գործընկեր են Թուրքիայի համար էներգետիկ ոլորտում: Չավուշօղլուն նշել է, որ Բաքվում անցկացված հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տնտեսական բնույթի այլ հարցեր, ինչպես նաև տրանսպորտային ոլորտում համագործակցությանը վերաբերող խնդիրներ: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտնել է նաև, որ երեք երկրների միջև հաջորդ՝ արդեն վեցերորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում և դրան կմասնակցեն նաև էկոնոմիկայի նախարարները: «Այդ ժողովին մենք ցանկանում ենք մի սեղանի շուրջ հավաքել երեք երկրների խոշոր գործարարներին, Աստված տա՝ կարողանանք նաև միմյանց միջև առևտուրն իրականացնել ազգային արժույթով», - ասել է Չավուշօղլուն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.