Հայաստանը չի պատրաստվում արգելափակել Արևելյան գործընկերության ամփոփիչ հռչակագիրը. Սերժ Սարգսյան

Հայաստանը չի պատրաստվում արգելափակել Եվրամիության Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի վերջնական հռչակագրի ընդունումը: Բրյուսելում այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե պատրաստվում է Հայաստանն արգելափակել Արևելյան գործընկերության հռչակագրի ընդունումը: «Ոչ, ինչո՞ւ պետք է արգելափակենք:  Կարծում եմ, որ այն փոխզիջումային տարբերակով կանցնի»,- ասել է ՀՀ Նախագահը: Դիտարկմանը, թե Ադրբեջանն առաջ է մղում բավականին դժվար ձևակերպումներ, ՀՀ Նախագահը պատասխանել է. «Ադրբեջանը կարող է առաջ մղել, սակայն ո՞վ պետք է ընդունի այդ ձևակերպումները: Եվ չեմ կարծում, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովն այն հարթակն է, որտեղ պետք է քննարկենք մեր հարաբերությունները»: Սերժ Սարգսյանը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, իսկ Եվրամիությունն այդ հարցում ամբողջովին սատարում է Մինսկի խմբին: ՀՀ Նախագահի խոսքով` հայկական կողմից սա  ամբողջովին բավարարում է:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.