Սա շատ մեծ կորուստ է. Պուտինը՝ Խվորոստովսկու մահվան մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր ցավակցությունն է հայտնել հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնել է նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Նախագահը խորապես ցավակցում է այսօր կյանքից հեռացած Դմիտրի Խվորոստովսկու հարազատներին ու մտերիմներին, ինչպես նաև նրա տաղանդի բոլոր երկրպագուներին: Նախագահը նրա արվեստի երկրպագուն էր»,-ասել է Պեսկովը: Հայտնի է, որ ՌԴ ղեկավարը պատրաստվում է ցավակցական հեռագիր ուղարկել հռչակավոր բարիտոնի ընտանիքին: «Կարծում եմ, որ նա ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային մշակույթի հարստությունն էր: Սա շատ ծանր կորուտ է»,-Պուտինի խոսքը ևս մեկ անգամ մեջբերել է Պեսկովը: Հայտնի է, որ իր կտակում երգիչը ցանկություն է հայտնել, որպեսզի մահից հետո իրեն դիակիզեն ու աճյունամոխրի մի կեսը թաղեն Մոսկվայում, մյուսը՝ հայրենի Կրասնոյարսկում: Նշենք, որ Խվորոստովսկին մահացել է նոյեմբերի 22-ի առավոտյան՝ Լոնդոնում: 2014թ.-ի ամռանը տաղանդաշատ բարիտոնի մոտ հայտնաբերվել էր ուղեղի ուռուցք: Բուժման կուրս անցնելուց հետո 2015թ.-ին Խվորոստովսկին վերսկսել էր համերգային գործունեությունը: Ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում Խվորոստովսկին, խոսելով հիվանդության մասին, ասել էր, որ դրան վերաբերվում է որպես բնական երևույթի և հիվանդութունը չի համարում ինչ-որ պատիժ: «Կարծում եմ, որ դա փորձություն է, որը տրվում է քեզ: Չգիտեմ՝ ինչի համար է դա տրվում, բայց ինչ-որ իմաստով դա կոփում է և մեզ ավելի ուժեղ ու լավը դարձնում: Առավել ևս՝ եթե դու հաղթահարում ես հիվանդությունը»,-ասել էր բարիտոնը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.