Խոշոր ավտովթար Վանաձորում. ճակատ-ճակատի բախվել են Grand Cherokee-ն ու ВАЗ 21099-ը. կա 5 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաթումի-Կ. Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բախվել են Վանաձոր քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցի բնակիչներ՝ 43-ամյա Հրանտ Խալաթյանի վարած Jeep Grand Cherokee մակնիշի 077 NN 05 համարանիշի և 38-ամյա Արտյոմ Կոլոգրաժնիի վարած ВАЗ 21099 մակնիշի 34 RՍ 201 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները, Grand Cherokee-ի ուղևոր՝ 43-ամյա Լուսինե Արսենյանը, ով Հ. Խալաթյանի կինն է, և ВАЗ 21099-ի ուղևորներ՝ 37-ամյա Ալեքսեյ Կոլոգրաժնին, ով վարորդ Ա. Կոլոգրաժնիի եղբայրն է, և Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ՝ 29-ամյա Վալերի Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորները գտնվում են իրենց հսկողության տակ, իսկ Ալեքսեյը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ վիրավորներից երկուսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով էլ մեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Տարոնի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Grand Cherokee-ի վարորդ Հ. Խալաթյանն աշխատում է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/11/11/1081996/
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.