Ծեծկռտուք է տեղի ունեցել և կրակոցներ են հնչել Մխչան գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհի «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, ժամը 23։20-ի սահմաններում Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝  Արարատի մարզի Մխչան գյուղից դեպի գլխավոր մայրուղի տանող ճանապարհին գործող «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են նաև կրակոցներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com—ը: Նշված վայրում ոստիկանները զննություն են կատարել և հայտնաբերել են մի քանի բջջային հեռախոսներ և ծալովի դանակներ։ Դեպքից հետո Արտաշատի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել,  որ պոլիտրավմա հարցական, գլխի, կրծքավանդակի, որովայնի վերջույթների բազմակի փակ տրավմաներ, ներքին արյունահոսություն, հեմոպնևմոթորաքս հարցականով ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ում իրենք առաջինը բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 31-ամյա Հրանտ Պետրոսյանն է։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ տալու։ Պարզվել է, որ նշված հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել Հ. Պետրոսյանի և Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ, 41-ամյա Տիգրան Պետրոսյանի միջև, որի ժամանակ էլ Տ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներ է պատճառել Հ. Պետրոսյանին։ Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Արտաշատի ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում Տ. Պետրոսյանը մեղայականով ներկայացել է Ոստիկանության Արտաշատի բաժին։ Փաստի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.