Արցախի մասնակցությունը բանակցություններում պետք է լինի բոլոր փուլերում. ԼՂ ԱԺ նախագահ

Մենք ժամանակից առաջ ենք ընկնում, երբ խոսում ենք փոխզիջումների մասին, լուծումների մասին: Իմ խորին համոզմամբ, մենք շատ հեռու ենք այդ փուլից: Լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ խոսելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարության մասին, որ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ցավոտ լուծումներ են սպասվում: «Կոռեկտ չէ, որ ես մեկնաբանեմ ՀՀ նախագահի խոսքերը, վստահ եմ, որ դրանք եղել են շատ երկար խոսքից հետո, երբ նա բացատրել է, թե ինչ զարգացումներ կարող են լինել և ինչ է բանակցային գործընթացը: Մենք ժամանակից առաջ ենք ընկնում, երբ խոսում ենք փոխզիջումների մասին, լուծումների մասին: Իմ խորին համոզմամբ, մենք շատ հեռու ենք այդ փուլից, որովհետև այն, ինչ մենք տեսնում ենք բանակցային գործընթացում, ցույց է տալիս, որ Ադրբեջանը ցանկություն չունի լուծումների գնալ»,- ասաց Աշոտ Ղուլյանը: Ըստ ԼՂ ԱԺ նախագահի՝ բանակցային գործընթացը պետք է շարունակել, պետք է փորձել Ադրբեջանին որոշ բաներ բացատրել: «Չի կարող այնպես լինել, որ մենք ինչ-որ բաների պատրաստ լինենք, իրենք պատրաստ չլինեն ու դրա պատասխանը լինի այն, որ մենք լրացուցիչ մի բան անենք: 2016թ.-ի ապրիլից հետո մենք շատ ավելի լավ ենք պատկերացնում անվտանգության համակարգի բոլոր բաղադրիչները: Դրա մեջ մտնում են տարածքները, տնտեսական կենսունակությունը: Մենք այդ պաշարը չենք կարող թուլացնել, չխոստացված բաների դիմաց մենք պատրաստ լինենք ինչ-որ բաներ տալ: Մենք ժամանակից շուտ չպետք է այսպիսի խոսակցություններ վարենք»,- նշեց Ղուլյանը: Նա ասաց, որ զիջել-չզիջելու հարցերի պատասխանը ունի մեկ սուբյեկտ՝ Արցախի ժողովուրդը: Դիտարկմանը, թե Ղարաբաղում ի՞նչ դիրքորոշում ունեն այն հանգամանքի վերաբերյալ,որ 2018թ.-ից հետո Հայաստանում վարչապետն է ստանձնելու նախագահի լիազորությունները և փաստորեն վարչապետն է վարելու բանակցությունները, Ղուլյանն այսպես արձագանքեց. «Դա Հայաստանի սուվերեն իրավունքն է և Արցախում հարգալից են վերաբերում դրան: Այդ մասին շատ է խոսվել: Չեմ կարծում, որ այս պահին բոլոր հարցերի պատասխաններն ունենք: Մենք ի դեմս գործող նախագահի ունենք շատ լավ պատրաստվածություն Ղարաբաղի բանակցային գործընթացում, ունենք նաև պատրաստվածություն այն առումով, որ դա մի պրոցես է, որի հարցերով մեծ շրջանակ է դրանում ներգրավված»: Դիտարկմանը, թե ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին անփոխարինելի են համարում, ԼՂ ԱԺ նախագահն արձագանքեց, որ ՀՀԿ-ականների փոխարեն չի կարող պատասխանել, դա ՀՀԿ որոշելիք հարցն է: Հարցին, թե ինչո՞ւ հայկական կողմերը Ժնևյան հանդիպման ժամանակ ցույց տվեցին, որ դիրքորոշումները մեղմացել են, երբ ապրիլյան իրադարձություններից հետո կոշտացման մասին էին խոսում, Աշոտ Ղուլյանը պատասխանեց, որ Ժնևում տեղի ունեցած բանակցություններից հետո ու առաջ դիրքորոշումը չի թուլացվել: «Եթե մենք մեկ տարի և ավելի բանակցություններ չունենք, չունենք դրա նախապատրաստվածություն, դա նշանակում է, որ մենք ցանկացած առիթ պետք է օգտագործենք բանակցային գործընթացը վերսկսելու համար: Կարծում եմ, որ հենց դա է տեղի ունեցել Ժնևում: Այն, որ մեր դիրքորոշումները ապրիլից հետո կոշտացել են, միանշանակ է, առայժմ որևէ հիմք չկա, որ այդ դիրքորոշումը մեղմանա»,- շեշտեց Արցախի խորհրդարանի խոսնակը: Ղուլյանի խոսքով՝ կյանքը ցույց է տվել, որ Ադրբեջանի պահվածքը անկանխատեսելի է, որևէ բան չի վկայում այն մասին, որ նրանք փոխվել են: Նա նշեց, որ վստահ է՝ Ադրբեջանը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հետևություններ արել է, իսկ Ղարաբաղն ավելի պատրաստ է պատերազմական զարգացումներին: Խոսելով այն մասին, թե ո՞ր փուլում Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, Աշոտ Ղուլյանն ասաց, որ Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին, բացի Ադրբեջանից որևէ մեկը չի հերքում: «Կախված նրանից՝ Ադրբեջանը կհամաձայնի Ղարաբաղի մասնակցությանը, թե ոչ, դա կվկայի այն մասին, որ կա կոնկրետ ցանկություն` հիմնախնդիրը լուծելու: Մեծ մասի պատասխանատուն Արցախն է: Բայց Ադրբեջանը կամք չունի: Արցախի մասնակցությունը բանակցություններում պետք է լինի բոլոր փուլերում»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.