«Ստամբուլը գոհարի մեջ տեղավորած վարպետը». Թուրքիայում «Գրանդ բազարի» հայտնի հայ արհեստավորի մասին ֆիլմ է նկարահանվել

Թուրքիայում նկարահանվել է աշխարհի ամենամեծ ու ամենահին շուկաներից մեկը համարվող «Փակ շուկայի» կամ «Գրանդ բազարի» (թուրքերեն հայտնի է որպես «Քափալը չարշը») հայտնի հայ արհեստավորներից մեկի՝ Սևան Բըչաքչըի կյանքի մասին պատմող ֆիլմ: «Ստամբուլի «Փակ շուկայում» հավաքարարից մինչև արհեստավոր առանց գոնե մի «բարև» ասելու ու որպիսությամբ հետաքրքրվելու չի անցնում աշխարհի եզակի գոհարագործներից Սևան Բըչաքչըի կողքով»,-գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, որը ֆիլմի ստեղծման առիթով զրուցել է Սևան Բըչաքչըի ու ֆիլմի հեղինակների հետ: «Ստամբուլը գոհարի մեջ տեղավորած վարպետը» անվանումով ֆիլմի ռեժիսոր Ումրան Սաֆթերն ու սցենարիստ Ահսեն Դիները փորձել են 72 րոպեում տեղավորել 46-ամյա հայ արհեստավորի անցած ուղին. Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասում անցած մանկությունից, 12 տարեկանում «Փակ շուկայի» դռներից ներս մտնելուց մինչև միջազգային ճանաչում: Սաֆթերը պատմում է, որ գործընկերների հետ որոշել են Ստամբուլը լավագույնս ներկայացնող արվեստի 3 գործիչների մասնակցությամբ ֆիլմեր նկարել. երեք կերպարներից երկուսի դեպքում ընտրությունը հետաքրքրական կերպով հայերի վրա է կանգ առել: Առաջինը «Ստամբուլի աչքն էր»՝ Արա Գյուլերը, երկրորդը՝ գոհարագործ Սևան Բըչաքչըն, որը հայտնի է «Մատանիների պարոնը» մականունով: «Սա իմ ծննդավայրն է, քաղաք, որով կշտանում եմ արդեն 46 տարի: Մասնագիտությանս բերումով աշխարհի շատ գեղատեսիլ վայրեր եմ տեսել, շքեղություն էլ: Բայց Ստամբուլի հանդեպ սերս երբեք ավարտ չունեցավ, չի էլ ունենա: Ես մեծացել եմ Սամաթիայում՝ բազմամշակույթ, գեղեցիկ մի վայր է: Հին ընկերներս այստեղ են, նրանք էլ իմ պես հին Ստամբուլի հին երեխաներն են», - պատմում է լեգենդար հայ վարպետը, որն այսօրվա պես հիշում է Ստամբուլի «Փակ շուկա» մուտք գործելու օրը: Պատահական չէ, որ ֆիլմի հեղինակները շեշտում են, որ ֆիլմը նախևառաջ համբերություն է սովորեցնելու երիտասարդ սերնդին: «Քանի որ պետք է սովորես՝ նստում ես վարպետի անմիջապես կողքին, մոտիկից հետևում: 6 տարի վարպետիս կողքին միայն նայել եմ: Ամբողջ օրը… 2017 թվականն է. ո՞վ ունի այդքան համբերություն: 35 տարի առաջ «Քափալը չարշըում» կարևոր մի արհեստավորի մոտ որպես աշակերտ ընդունվելը մեզ համար հավասարազոր էր Հարվարդի կամ Օքսֆորդի համալսարան ընդունվելուն: Ես համարում եմ, որ ուսանել եմ ամենաթագավորական համալսարանում: Երբ ընկերներս իմացան, որ վարպետ Հովսեփի մոտ եմ աշխատելու, չէին հավատացել»,- հիշում է Բըչաքչըն: Նա ցավով արձանագրում է, որ ոսկերչությունն ու արծաթագործությունը այլևս մահացող արհեստ են: «Այն ժամանակ ձեռքի աշխատանքը շատ էր գնահատվում. մեկ մատանու պատվերով մեր վարպետը կարողանում էր հոգալ մեր մեկ շաբաթվա աշխատավարձերի հարցը: Հիմա ամեն բանի մեքենայացումը ոլորտում մարդկային գործոնն է նվազեցրել: Արհեստը մեռավ: Երկու սերունդ անց ապագան չեմ տեսնում… Ոլորտում անորոշություն կա, իսկ մարդիկ չեն ցանկանում անորոշության մեջ ներդրումներ անել: Երազանքները մահացան», - փաստում է հայ վարպետը: Ի դեպ, ինչպես ավելի վաղ ներկայացրել է Tert.am-ը, ներկայում Ստամբուլում ակնագործությամբ ու ոսկերչությամբ կամ արծաթագործությամբ զբաղվող արհեստավորները հիմնականում Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից մոտ 30 տարի առաջ ժամանած քրիստոնյա ու իսլամացված հայեր են՝ սասունցիներ, բիթլիսցիներ, մշեցիներ ու մարդինցիներ, նրանցից առաջ առավել ակտիվ էին բուն պոլսահայերը, որոնք էլ արհեստը փոխանցեցին Ստամբուլ հասած գավառահայերին: Մեր օրերում Ստամբուլի «Փակ շուկա»-ում աշխատում է մոտ երկու հազար հայ ոսկերիչ, իսկ հայերին պատկանող ոսկերչական ապրանքանիշների թիվն անցնում է հազարը, ինչը մի քանի անգամ քիչ է մոտ կես դար առաջ եղած ցուցանիշներից, երբ Ստամբուլի հայ ոսկերիչները կազմում էին ընդհանուր շուկայի կեսից ավելին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.