Ղարաբաղը ողջունում է ազգերի ինքնորոշումը և Կատալոնիայում խաղաղության հաստատման հույս ունի. ԼՂՀ նախագահի խոսնակ

Ղարաբաղը ողջունում է յուրաքանչյուր ազգի ինքնորոշումը և Կատալոնիայի շուրջ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հույս ունի։ Այդ մասին ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությանն ասել էԱրցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Հիշեցնենք, որ Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին քվեարկել է Իսպանիայից անկախանալու օգտին: Ի պատասխան այս քայլի՝ հոկտեմբերի 27-ին կայացած նիստում Իսպանիայի սենատը կողմ է քվեարկել Կատալոնիայի կառավարությանն իշխանությունից հեռացնելուն և ինքնավար մարզում ուղիղ կառավարում հաստատելուն: «Մենք դեմ ենք արյունահեղությանը, որովհետև ինքներս ենք անցել դրա միջով և գիտենք, թե դա ինչ է, սակայն այն, որ յուրաքանչյուր ազգ ինքնորոշման անքակտելի իրավունք ունի, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքն է։ Այստեղ արդեն մեկնաբանություններն անիմաստ են, որովհետև ամենը գրված է սևով սպիտակի վրա»,- ասել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Կատալոնիայի ժողովուրդը «հենց այդ ուղին է բռնել»։ Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակից կա երեք ելք՝ Մադրիդը ճանաչում է Կատալոնիայի ժողովրդի կամարտահայտումը, կփորձի ուժային ճանապարհով թույլ չտալ դա, կամ էլ իսպանական պետությունը կվերակազմավորվի դաշնության կամ կոնֆեդերացիայի, որպեսզի պահպանի երկիրը՝ միևնույն ժամանակ չվիրավորելով կատալոնացիներին։ «Անկախության ձգտող ժողովրդին ուժով ճնշելն անհեռանկարային է։ Իհարկե, եթե ցեղասպանություն, ոչնչացում կազմակերպվի, ապա երկիրը, որը կդիմի նման քայլի, կարող է հասնել իր նպատակին, ինչպես դա արեց Թուրքիան Արևմտյան Հայաստանի հետ, սակայն դա, միևնույն է, անհեռանկարային է, որովհետև չի կարելի ճնշել ժողովրդի կամարտահայտումը»,- ասել է նա։ Ըստ Արցախի նախագահի մամուլի խոսնակի՝ Կատալոնիան ու Իսպանիան ունեն շատ ընդհանուր բաներ՝ նման լեզու, մշակույթ, պատմություն։ «Դա Ադրբեջանն ու Ղարաբաղը չէ։ Այնուամենայնիվ, ուժային մեթոդները կհանգեցնեն անկանխատեսելի հետևանքների»,- ասել է նա։ Դավիթ Բաբայանը հավելել է, որ Ղարաբաղում, ինչպես և ամբողջ աշխարհում, ուշադիր հետևում են Կատալոնիայում տեղի ունեցող իրադարձություններին։ «Նման գործընթացներ տեղի են ունենում բազմաթիվ երկրներում։ Քրդերը, կատալոնացիները... այս գործընթացները կարող են տեղի ունենալ նաև այլ վայրերում։ Սակայն մտահոգությունը, թե դա կարող է հանգեցնել հարյուրավոր նոր պետությունների ստեղծման, տեղին չէ, քանի որ ամեն ժողովուրդ չէ, որ կարող է իրացնել իր ինքնորոշման իրավունքը և դրանից հետո ստեղծել նորմալ ժողովրդավարական երկիր»,- ասել է Դավիթ Բաբայանը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.