Ինչո՞ւ քրդերը կորցրեցին Քիրքուքը. արաբական մամուլի անդրադարձը

Արաբական մամուլը շարունակում է քննարկել իրաքյան Քիրքուքում տեղի ունեցող իրադարձությունները: Ըստ  Alquds Alarabi լրատվամիջոցի՝ իրաքյան բանակի կողմից քրդական «փեշմերգա» ուժերին Քիրքուքում պարտության մատնելը կապված է ոչ միայն Իրանի աջակցության կամ ԱՄՆ-ի կողմից Քիրքուքի գործողությանն, այսպես ասած, համաձայնություն տալու հետ: «Անկախության հանրաքվեի հարցում համառություն դրսևորած Քրդստանի իշխանությունները զգալիորեն կորցրեցին իրենց «իմիջն» այն բանից հետո, երբ հանրաքվեի մեջ ներգրավվեցին նաև Քրդստանի ինքնավարության մեջ չկազմող և ըստ Իրաքի սահմանադրության վիճելի տարածք համարվող Քիրքուքը», - նկատում է պարբերականը: Ըստ Alquds Alarabi-ի՝ Քիրքուքը քրդերի ձեռքից ետ վերցնելը նույն այդ «իմիջ»-ի բարձրացման խնդիր էր հենց Իրաքի իշխանությունների և, մասնավորապես, վարչապետ Հայդեր Աբադիի համար, որն էլ հաջողությամբ իրականացրեց իր առջև եղած խնդիրը: Բացի այդ՝ որոշ արաբական պարբերականներ նկատում են, որ ահաբեկիչների հետ տարիներ շարունակ պայքար մղած Իրաքի բանակի՝ այս ընթացքում վաստակած փորձը մեծ դեր խաղաց Քիրքուքը ետ վերցնելու հարցում: Եվ իհարկե, սա առիթ էր հենց իրաքյան բանակի համար, որը պետք է ապացուցեր իր միասնական ու ուժեղ «բանակ» լինելը: Իր հերթին արաբական Al Arab պարբերականը նկատում է, որ ստեղծված իրավիճակում ո՛չ քրդերն են հրաժարվել անկախությունից, ինչպես պնդում էր Իրաքի վարչապետ Իբադին, ո՛չ էլ Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի ձգտած անկախությունն է հաստատվել քրդաբնակ նահանգներում: Ըստ լրատվամիջոցի՝ քրդերն անկախության մտքից կհրաժարվեն միայն այն դեպքում, երբ Իրաքը դառնա իր բոլոր քաղաքացիների համար հավասար պայմաններ ապահովող ժողովրդավար երկիր: Հիշեցնենք, որ օրերս Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգա»-ն զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.