Արա Բաբլոյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկու հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկու հետ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ քառորդ դարի ընթացքում երկու երկրները զարգացրել են բարեկամական հարաբերություններ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն են ծավալում տարբեր ոլորտներում: Արա Բաբլոյանն ընդգծել է, որ խորհրդարանական ձևաչափով համագործակցությունն իր կարևոր դերն ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու և առկա բարեկամական կապերը խորացնելու գործում: Ըստ ՀՀ խորհրդարանի ղեկավարի՝ հայ-լեհական միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում կարևոր նշանակություն կարող է ունենալ խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջև կապերի ակտիվացումը: Պարոն Բաբլոյանի համոզմամբ՝ Հայաստանի և Լեհաստանի խորհրդարանականների միջև փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա ոչ միայն երկկողմ, այլ նաև բազմակողմ հարթակներում: ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ և լեհ ժողովուրդների բարեկամության ապացույցը Լեհաստանում հայերի դարավոր կենսագործունեությունն է, որի ընթացքում հայերն իրենց դրսևորել են լավագույն կողմերով: Այսօր Լեհաստանում ապրում է շուրջ 25 հազար հայ: Պարոն Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքի հանդեպ լեհական իշխանությունների դրական վերաբերմունքի համար:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, նշել է, որ ադրբեջանական կողմի իրականացրած վայրագությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին մարդկային կյանքի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության վերաբերմունքը: «Խոր ցավով տեղեկացա, որ Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից երեկ սպանվել է 19-ամյա հայ երիտասարդ: Մենք՝ բժիշկներս, մեկ ժամ առաջ ծնված երեխային ժամերով վիրահատում ենք, լիարժեք ապաքինման համար ամիսներ շարունակ խնամում և մեզ համար անհասկանալի է, թե ինչպես մի քանի րոպեում կարելի է բազմաթիվ մարդկանց կյանքեր խլել այն պատճառով, որ չեն ցանկանում խնդիրը լուծել խաղաղությամբ»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը: Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկին, շնորհակալություն հայտնելով այցելության համար, վստահեցրել է, որ համագործակցությունը խորհրդարանական ձևաչափում լավագույնս կշարունակվի: Սեյմի մարշալեկը գոհունակությամբ է խոսել այն մեծ ավանդի մասին, որ ունեն հայերը Լեհաստանում: Նրա խոսքով՝ հայերը լեհերի բարեկամներն են, ինչի վառ ապացույցն է նաև երեկ Սենատում ընդունված պատմական բանաձևը: Կողմերը քննարկել են նաև համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ուղղություններով զարգացնելու կոնկրետ ծրագրեր: ՀՀ ԱԺ նախագահը Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկուն հրավիրել է Հայաստան:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.