ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 12.000 եվրո վճարել Եհովայի վկաների գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին 12.000 եվրո վճարել հայցվորներին: Այդ մասին հայտնում է ՄԻԵԴ-ի կայքը: Հայաստանի Հանրապետության դեմ բողոքը ներկայացրել էր Հայաստանի չորս քաղաքացի՝ Արթուր Ադյանը, Գարեգին Ավետիսյանը, Հարություն Խաչատրյանը և Վահագն Մարգարյանը՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա՝ 2011 թվականի դեկտեմբերի 6-ին: Հայցվորները ՄԻԵԴ-ում բողոքել են, որ իրենց նկատմամբ կայացված դատավճիռները խախտել են կոնվենցիայի 9-րդ հոդվածը, և նրանց կալանքը հիմնված է եղել դատարանների կողմից կարծրատիպային փաստարկների վրա: Հայցվորները եղել են «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ, երկուսը՝ Երևանից, մեկը՝ Ծաղկավանից, մյուսը՝ Կապանից: 2011 թվականի մայիսին և հունիսին նրանց կանչել են զինվորական ծառայության, նրանք չեն ներկայացել՝ փոխարենը նամակներ ուղղելով զինկոմիսարիատ և շրջանային դատախազություն՝ հրաժարվելով զինվորական կամ այլընտրանքային ծառայության անցնել: Հայցվորների դեմ զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու մեղադրանքներ են ներկայացվել, և նրանք դատապարտվել են ազատազրկման: Նրանք պնդել են, որ իրենք Եհովայի վկաներ են, և եկել են եզրակացության, որ եվրոպական չափանիշներով՝ առաջարկվող ծառայությունը փաստացիորեն քաղաքացիական բնույթ չի կրել, քանի որ այն վերահսկել են զինվորական իշխանությունները: Նրանց հավատը, մինչդեռ, թույլ չի տվել նրանց ուղղակիորեն կամ անուղղակիորեն աշխատել ռազմական համակարգի համար: Բացի այդ, օրենքով նրանցից պահանջվել է մնալ ծառայության վայրում ամբողջ օրը՝ շաբաթը յոթ օր, ինչը նման է եղել տնային կալանքի և անընդունելի է եղել հայցվորների համար: Նրանք պնդել են, որ զինվորական ծառայություն կամ հասանելի այլընտրանքային ծառայություն իրականացնելու պահանջը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածով երաշխավորված իրենց իրավունքները: Նրանք, բացի այդ, նշել են, որ այլընտրանքային աշխատանքային ծառայողի գրքույկի կազմի վրա եղել է զինանշանը և «Հայաստանի զինված ուժեր» խոսքերը: Բացի այդ, այլընտրանքային ծառայությունը բնույթով եղել է պատժիչ, քանի որ այն տևել է 42 ամիս և այլընտրանքային աշխատանքային ծառայողները ստիպված են եղել 24 ժամ մնալ ծառայության վայրում: Վերոնշյալ պատճառներով նրանց հավատն իրենց թույլ չի տվել կատարել Հայաստանում հասանելի այլընտրանքային ծառայությունը: Նրանք նշել են, որ պատրաստ են այլընտրանքային ծառայություն անցնել, եթե այն կապված չլինի ռազմական իշխանությունների հետ և չխախտի իրենց կրոնական համոզմունքները: Հայցվորները, բողոքարկելով իրենց դատավճիռերը, պնդել են, որ դրանք չեն հետապնդել հրատապ սոցիալական պահանջ և անհրաժեշտ չեն եղել ժողովրդավարական հասարակությունում: 2012 թվականին Վճռաբեկ դատարանը դիմումատուների բողոքներն անընդունելի է ճանաչել: 2013 թվականի հոկտեմբերի 8-ին և 9-ին հայցվորները համաներումից հետո ազատ են արձակվել՝ բանտում անցկացնելով իրենց ազատազրկման ժամկետից 26-ից 27 ամիս: ՄԻԵԴ-ը նշել է, որ իր խնդիրն է եղել վճռել, թե արդյոք ձեռնարկված միջոցները հիմնավորված և համաչափ են եղել, և նշել է, որ պետությունը, որը չի ներկայացրել պարտադիր զինծառայության այլընտրանքներ անձի խղճի և զինվորական պարտականությունների միջև հնարավոր կոնֆլիկտը հաշտեցնելու համար, պետք է ներկայացնի համոզիչ պատճառներ ցանկացած միջամտություն արդարացնելու համար, մասնավորապես՝ պետք է ցույց տա, որ դա անհրաժեշտ սոցիալական պահանջ է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ խախտվել է հայցվորների խղճի և կրոնի ազատության իրավունքը, իսկ դատարանները չեն տրամադրել բավականաչափ պատճառներ հայցվորներից երեքին կալանավորելու համար:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.