Թուրքիան մեղադրել է Դանիային ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի խախտման համար

Թուրքիան մեղադրել է Դանիային ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի խախտման համար։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դանիական իշխանությունները հրաժարվել են Թուրքիային արտահանձնել ահաբեկչության համար կասկածվող ծնունդով Ուզբեկստանից 42-ամյա Իբրոհիմժոն Ասպարովին: Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, Ասպարովին Թուրքիայում կասկածում են 2017թ.-ի հունվարի 1-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետ առնչություն ունենալու համար: Նշենք, որ ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբավորումը: Ըստ հետաքննության՝ Ասպարովը զենք է փոխանցել ստամբուլյան հարձակումն իրականացրած ահաբեկչին ղրղզ ԻՊ-ականի միջոցով: Ուզբեկ կասկածյալը, որը երկար տարիներ բնակվում է Դանիայում, ձերբակալվել էր դեռևս այս տարվա հունիսին: Թուրքիայի արտգործնախարարությունը մեղադրել է Դանիայի իշխանություններին ահաբեկչության դեմ միջազգային պայքարին հարված հասցնելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը խախտելու համար՝ շեշտելով, որ բանաձևին միանալուց հետո Թուրքիան, ստանձնելով պարտավորություններ, երկրից արտաքսել է ավելի քան 5000 մարդու, որոնք կապ ունեն ԻՊ ահաբեկչական կառույցի հետ: Նշենք, որ Դանիան առայժմ չի մեկնաբանել Ասպարովի հետ կապված որոշման դրդապատճառները: Հիշեցնենք, որ հունվարի 1-ին՝ տեղական ժամանակով 01.15-ին, Սանտա Կլաուսի հագուստով զինված ուզբեկ գրոհային Աբդուլգադիր Մաշարիպովը ներխուժել էր Ստամբուլի «Ռեինա» գիշերային ակումբ, որտեղ հարյուրավոր մարդիկ տոնում էին Նոր տարին: Զինված հարձակման հետևանքով զոհվել է 39 մարդ։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.