Ցավոք, հայոց նորանկախ պետականությունն իր գոյության համեմատաբար կարճ ժամանակահատվածում ստիպված է եղել մի շարք փորձությունների ու մարտահրավերների բովով անցնել, ստանալ հարվածներ, որոնք, սակայն, որքան էլ ցավալի լինի խոստովանելը, եկել են ոչ թե մեզ հայտնի արտաքին աղբյուրներց` մեր անբարյացակամ հարևաններից, այլ` ներսից. «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ հանդիսացող մի խումբ զինյալ ստահակների կողմից Երևանի Էրեբունու ոստիկանության գումարտակի` մեկ տարի առաջ այս օրն իրականացրած գրավումն, անկասկած, ամենածանր հարվածներից մեկն էր` հասցված Հայաստանին, աշխարհացունց տեռորիստական ակտ, որի թիրախում բոլորս էինք` հայ հասարակության ամեն մի անդամ. դա պլանավորված ու նախապես ծրագրված թիրախային հարված էր հայ ժողովրդի մաքառումներով ձեռք բերված հայոց պետականությանը մի ժամանակահատվածում, երբ երկիրն առավել քան երբևէ կարիք էր զգում ներքին կոնսոլիդացիայի` պայմանավորված հատկապես տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական պայթյունավտանգ իրավիճակով: Մի բան ակնհայտ է` նրանք, ովքեր ծրագրավորել ու ֆինանսավորել էին այս ահաբեկչական գործողությունն ու ովքեր կանգնած էին սրա ակունքներում` կարող էին ընդամենը մեկ նպատակ ունենալ` թուլացնել Հայաստանը ներսից, ջլատել հասարակությանն ու ստիպելու ժողովրդին` համախմբվելու ու արտաքին թշնամուն միահամուռ կերպով դիմակայելու փոխարեն` միմյանց «կոկորդ կրծել», պառակտվել` մի բան, որ, անկասկած, կարող էր ձեռնտու լինել միմիայն նրանց, որոնց պլաններում չէր մտնում Հայաստանի հզորացումն ու պետականության ամրապնդումը:

Փաստորեն` կեղծ հայրենասիրական լոզունգների ներքո, անհասկանալի բարբաջանքների քողի տակ իրենց «Սասնա ծռեր» հորջորջողները հայ ժողովրդին հարվածեցին թիկունքից` իրենց համար որպես առաջնային թիրախ ընտրելով հենց Ոստիկանության ՊՊԾ գունդն, ինչը, բնականաբար, ամենևին էլ պատահական չէր: Փաստը, որ Ոստիկանությունն այսօր մեր պետականության հիմնասյուներից մեկն է հանդիսանում, ոչ ոք չի կարող ժխտել. հենց այս կարևորագույն կառույցի շնորհիվ է, որ երկիրը պահպանում է իր ներքին կայությունն ու անվտանգությունը: Ահաբեկիչներն ու նրանց տերերը, ամենևին էլ հիմարներ չլինելով, իրականում շատ լավ գիտակցում էին` ինչ են անում, ու հանուն ինչի են անում, շատ լավ հասկանում էին, որ սասանելու համար պետության հիմքերը, պետք է նախ թուլացնել դրա անվտանգության համակարգը, ինչն, ի պատիվ ՀՀ Ոստիկանության ու շնորհիվ հատկապես ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի բարձր պրոֆեսիոնալիզմի, ստահակներին չհաջողվեց: Իշխանությունները իրավիճակից ելքը տեսավ ոչ թե պատասխան բռնությունների դիմելու մեջ, հարվածին հարվածով պատասխանելու, որ կարող էր լիովին անկանխատեսելի հետևանքների հանգեցնել, այլ բացառիկ խոհեմություն դրսևորելով` ի վիճակի եղան այնպիսի խաղաղ հանգուցալուծման բերել իրավիճակը, որ հնարավոր եղավ դրանից դուրս գալ քիչ թե շատ նվազագույն կորուստներով. երկրի ուժային կառույցներն, ի պատիվ իրենց, փայլուն կերպով լուծեցին իրենց առջև դրված խնդիրը: Ավա՜ղ, ինչպես հայտնի է, չհաջողվեց նաև խուսափել զոհերից. ոստիկանության մի շարք անձնուրաց նվիրյալներ, որոնց կյանքի գործն, անկասկած, անմահ ու անջնջելի է մնալու ընդմիշտ, զոհվեցին այն ստահակների ձեռքով, որոնց դատաստանը պատմությունն ինքն է անելու. ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը, ենթասպա Գագիկ Մկրտչյանը իսկական ոստիկանի` օրենքի անձնուրաց պահապանի կատարյալ մարմնացում են, որ հավերժ լինելու են ներշնչման անսպառ աղբյուր… Մի բան ակհայտ է` ոճիրը, բռնությունն ու ահաբեկչությունը որևիցե պարագայում որևիցե հարցի լուծում հանդիսանալ չեն կարող: Այո՛, այսօր Հայաստանում բազմաթիվ են խնդիրները, սակայն մեկ բան պետք է հասկանալի լինի բոլորին ու ընդմիշտ` մարդակերությունը խնդիրների լուծման չի հանգեցնում, բռնությունը բռնություն է ծնում, զենքը` սփռում մահ. հայը մարդկային քաղաքակրթության ակունքներում կանգնած ժողովուրդ է, որի էությանը հակառակ է ցանկացած բռնություն. տեռորիստն, ինչ ազգանուն էլ կրի, չի կարող հայ համարվել. տմարդի արարած է: