Արցախը կպայթի

Հայաստանում բավական մեծ աղմուկ է բարձրացրել «Միջազգային ճգնաժամային խումբ» (ICG) հետազոտական կազմակերպության փորձագետների կողմից հրապարակած զեկույցը`վերաբերող արցախյան հակամարտությանը: Հատկապես հայաստանյան փորձագիտական շրջանակների մի շարք վառ անհատներ շտապել են հանդես գալ սեփական մեկնաբանություններով` փորձելով հասկանալ, թե որքանով կարող է իրական լինել  պատերազմի վտանգը, որքանով` ոչ: Պետք է նկտել, որ այս հարցում կարծես մերոնց մոտ ընդհանուր իշխող տեսակետ չկա. ոմանք հակագիտական են համարում մոտալուտ պատերազմի մասին պնդումները, ոմանք մարդասպանության մեջ մեղադրում զեկույցը հրապարակած հետազոտական կազմակերպությանը, և այսպես շարունակ: Հակառակ սրան, սակայն, ռուս որոշ վերլուծաբաններ, որոնց ոչ մի կերպ չի կարելի մեղադրել դիլետանտության մեջ, համոզված են, որ պատերազմի վտանգն իրական է և որ չտեսնել դա, իսկապես չի կարելի: Այսպիսով` հարց` ո՞րն է ճշմարտությունը: Իսկ ճշմարտության մասին իրական պատկերացում կազմելու համար հարկավոր կլինի կատարել փաստերի համադրում. դրա արդյունքում անգամ կույրին տեսանելի կլինի այն պարզ ճշմարտությունը, որ 2016-ի ապրիլին ընդհատված պատերազմն իրականում չի ավարտվել, ու կողմերն ընդամենը կարճաժամկետ դադար են վերցրել` պատրաստվելու հետագային` հետագա, որը կարող է շատ ավելի արյունոտ լինել, քան այսօր ցանկացած մեկը կարող է պատկերացնել: Ինչո՞ւմն է բանը: Բանն այն է, որ Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններն այժմ առավել քան երբևէ գտնվում են գրեթե զրոյական մակարդակի վրա. հույսերը, թե Թրամփի նախագահ հռչակվելով Արևմուտք-ՌԴ հարաբերությունները կկարգավորվեն, իրականում խիստ լավատեսական դուրս եկան. Թրամփն այսօր մեծագույն ցանկության դեպքում անգամ չունի հնարավորություն` հանդես գալու նախաձեռնություններով, որոնք ինչ-որ կերպ «սայլը տեղից կշարժեն», իսկ Մակրոնի` Ֆրանսիայի նախագահ հռչակվելն ուղղակի ցույց տվեց, որ լիբերալները չեն պատրաստվում խաղաղության դաշն կնքել պահպանողականության կենտրոնը դարձած Մոսկվայի հետ`դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ: Հետևաբար` այդ նույն լիբերալները, որոնց ճնշման տակ է գտնվում այսօր նաև Դոնալդ Թրամփը, չեն կարող չօգտագործել արցախյան հակամարտությունն ի շահ իրենց` Ռուսաստանի համար գերխնդիրներ ստեղծելով Անդրկովկասում ու փորձելով դուրս մղել Մոսկվային  մի տարածաշրջանից, որի կորուստը Կրեմլին կարող է խիստ թանկ արժենալ: Ռուսաստանին կանգնեցնելու են խիստ բարդ երկընտրանքի առաջ. տոտալ պատերազմի դեպքում ակնհայտորեն պաշտպանելով Հայաստանին`ՌԴ-ն հավերժ կկորցնի Բաքվի հետ հարաբերություններ կառուցելու հեռանկարն ու կբախվի Թուրքիայի անխուսափելի հակազդեցությանը: Չեզոքություն պահպանելու դեպքում առաջ կբերի հայ հասարակության մշտնջենական հիասթափությունն, ինչը վերջնականապես դուրս կմղի ՌԴ-ին Անդրկովասից: Հետևաբար` արևմտյան լիբերալների համար Արցախը մի խաղ է, որը բոլոր պարագաներում չի կարող բացասականորեն չանդրադառնալ ՌԴ վրա, ու որը լիբերալները չեն կարող  չխաղալ: Բոլորին պետք է հասկանալի լինի մեկ բան` վաղ թե ուշ վառոդով լի տակառն Անդրկովկասում պայթելու է, ինչին պետք է մենք` հայերս, պատրաստ լինենք բոլոր դեպքերում:      
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.