Մայիսի 18-ի նիստում Կառավարությունը հավանության է արժանացրել համայնքների նոր խոշորացման օրինագծին: Հիշեցնենք, որ դեռ 2 տարի առաջ, երբ փոխվում էր Սահմանադրությունը, սկսվեց համայնքների խոշորացման ծրագիրը: Շատերը չէին, որ համաձայն էին այս ծրագրին, սակայն, այնուամենայնիվ, այն իրականացվեց, չնայած այդպես էլ համաձայնություն տեղաբնակները չտվեցին այն համայնքների հետ միավորվելու համար: Մինչ այսօր էլ շատ համայնքների ղեկավարներ դժգոհում են, որ այս խոշորացումն իրենց վրա թանկ նստեց, քանի որ եթե նախկինում մի համայնք էին ղեկավարում, ապա հիմա ստիպված են լինում իրենց անձնական մեքենաներով անընդհատ մյուս համայնք կամ համայնքներ գնալ:

Սա էլ քիչ էր, հիմա էլ որոշում կա նոր խոշորացման: Օրերս տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կտրուկ հայտարարությամբ հանդես եկավ, թե ընդդիմությունը, հասարակությունը դեմ են այս ծրագրին: Սա նորմալ է, բայց այ այն, որ, ըստ նրա, Կառավարության անդամների մեծամասնությունն ու իշխանական վերնախավն էլ են դեմ, սա արդեն ուշագրավ էր: Ըստ Թաթուլ Մանասերյանի՝ այս ծրագիրն իրականացնող դոնոր կազմակերպություններն են ոգևորված ծրագրով, ինչը նպատակ ունի թուլացնել Հայաստանը:

Ազգային ժողովում ասորական համայնքի ներկայացուցիչ, ՀՀԿ-ական պատգամավոր Արսեն Միխայլովն էլ բարձրացրեց այս հարցը: Norlur.am-ի հետ զրույցում նա իր դժգոհությունը հայտնեց՝ նշելով, որ նման կերպ իրենք կկորցնեն իրենց ազգայինը, թեկուզև փոքրամասնությու ն են, բայց ավանդույթները, մշակույթը պահելը ճիշտ են համարում, իսկ համայնքների խոշորացմամբ դրանից չեն կարող խուսափել:

Միավորված կամ ավելի ճիշտ կլինի ասել խոշորացված համայնքների ղեկավարները ներկայումս էլ դժգոհ են, ասում են, որ նույնիսկ ամիսներ անց դեռ լիովին չեն ստացել օրինակ ընդհանուր մանկապարտեզի համար հատկացված գույքը և այլն:

Իսկ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն էլ հայտարարում է, թե նախատեսվում է ևս 32 խոշորացված համայնքի ձևավորում։ Դրանք տեղի կունենան ՀՀ 8 մարզերում. Նախատեսվում է միավորել 384 համայնք։

«Խոշորացված համայնքները կառավարման արդյունավետ ձև են և համայնքներում բերել են լուրջ, արդյունավետ կառավարման։ Մեր երկրի փորձը ԵՄ-ում համարվել է լավագույններից մեկը»,-ասել է Դ. Լոքյանը։

Norlur.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն ընդգծեց, որ սա կհանգեցնի ուրբանիզացիայի, այսինքնք՝ կսկվի արտագաղթ գյուղերից քաղաք: «Առանց այն էլ Երևանը դառնում է քաղաք-պետություն: Սա կնպաստի դրան»,-նկատեց նա: