«Բայց մի բան կա, որ բացասական է ազդելու նաև «Ելքի» վրա Երևանի ավագանու ընտրություններում»

Խորհրդարանական ընտրություններին «Ազատ դեմոկրատների» ցուցակով առաջադրված, քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանը Երևանի ավագանու ընտրություններին ոչ մի ուժի հետ չի առաջադրվել ոչ թե նրա համար, որ ընտրական պրոցեսին չի հավատում, այլ չի համարում, որ դա իր տեղն է: «4 տարի է՝ ես Երևանի ավագանու անդամ եմ, իհարկե, փորձել եմ այնքանով, ինչքանով մենք փոքրամասնություն ենք, մեր ընտրողների հուզող հարցերը բարձրացնենք այդ մարմնում, բայց դրանք շատ ավելի ապաքաղաքական ընտրություններ են, քան խորհրդարանականը»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց նա: «Եթե խորհրդարանական ընտրությունները ռեյտինգայինի պատճառով դարձան գերապաքաղաքական, ապա պատկերացրեք, թե ինչ են լինելու Երևանի ավագանու ընտրությունները: Քաղաքական դեմքերն, իմ կարծիքով, այնտեղ շատ անելիք չունեն, ավելի երիտասարդ, պայծառ քաղաքական գործիչների համար դա հայտ ներկայացնելու լավ հնարավորություն է, քաղաքական դպրոց՝ շատ բան սովորելու, սեփական քաղաքում բան փոխելու»,-կարծում է նա: Հարցին, թե արդյոք Երևանում չեն մեծանում ընդդիմադիրների շանսերը, նա պատասխանեց. «Շանսերը մեծանում են ինչ-որ առումով, բայց մի բան կա, որ բացասական է ազդելու նաև «Ելքի» վրա. այնուամենայնիվ «Ելքին» ձայներ տվողները սպասում էին 50-ից ավել տոկոս, կատարյալ հաղթանակ կամ լուրջ ներկայացվածություն: Հիմա նկատելի է, որ այդ էլեկտորատի մոտ նույնպես հիասթափություն կամ տխրություն կա: Այս կտրվածքով «Ելքն» էլ պիտի նկատի ունենա, որ անգամ այն քվեները, որ ստացել էր Երևանում, անգամ դրանք կարող են չպահպանվել, որովհետև մարդկանց մի մասն ուղղակի հավատում է, որ ընտրությունների միջոցով այն կդառնար իշխանության ձևավորման մի օղակ, նաև նկատի ունենանք, որ այս ընտրություններն էլ են լինելու թաղի տղերքի միջև պայքար, անգամ այն պայքարը, որ «Ելքը»տանում էր խորհրդարանական ընտրություններում, այժմ դա էլ մեծ էֆեկտներ չի բերելու, որովհետև խոսքը վերաբերում է Երևանի կառավարմանը, այսինքն՝ դու չես կարողանալու բարձր քաղաքական պլանկա դնել, կապել դա իշխանափոխություն հետ: Հետևաբար, ցավում եմ, որ այստեղ էլի դեր է խաղալու ռեյտինգ կամ ավտարիտետ ունեցող տղաների ինստիտուտը, փողը, ընտրակաշառքը և այլն, բայց ամեն դեպքում թող սա ոչ մեկին չհիասթափեցնի, ես ողջունում եմ մասնակցությունը»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.