/// Սին մեղադրանքներ

Սին մեղադրանքներ

Ընտրություններից հետո կարծես հետզհետե փորձում են ուշքի գալ այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք ընտրություններին պարտություն կրեցին: Ճիշտ է`հանուն արդարության պետք է նշել, որ  ջախջախիչ պարտությունից սթափվելն այնքան էլ սահուն չի ստացվում ոմանց մոտ, բայց շուտով ևս մեկ ընտրություն է սպասվում, ու բոլորն են հասկանում, որ պետք է անել ամեն ինչ` պատրաստ լինելու քաղաքական բատալներին:

Սակայն պետք է նշել, որ գլխավոր հարցը, որն այսօր ծառացած է խորհրդարան չմտած ընդդիմության առաջ, այն է, թե հատկապես ով էր մեղավոր իրենց պարտությունում: Ակնհայտ է, որ  ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ էր հաշվարկված խաղից դուրս մնացած ուժերի կողմից, թեպետ առաջին հայացքից կարող էր թվալ`ամեն բան իդեալական է, ու փողն այս դեպքում չի կարող կոնկրետ եղանակ ձևավորել: Ստացվեց, սակայն, այնպես, որ հենց փողի գործոնն ամենից զգալին եղավ, ու անցան այն ուժերը, որոնք  ամենից շատն էին փող բաժանել:

Ու հիմա որոշ ընդդիմադիր ուժեր, փոխարենը համապատասխան հետևություններ անելու ու սեփական սխալներն ապագայում շտկելու, զբաղված են հասարակությանը մեղադրանքներ ներկայացնելով, թե իբր հասարակությունը խակ է, քաղաքականապես անգրագետ ու ընդամենը հակված է փողին, չունի որևիցե գաղափարական հենք:

Թե հատկապես ինչն է ստիպում նմաններին մտածել այդպես, իհարկե, հասկանալի է. սեփականդառը պարտությունն է, որ ստիպում է աջ ու ձախ մեղադրանքներ շռայլել հասարակության հասցեին: Նման ուժերը, սակայն, չեն ցանկանում հասկանալ մեկ պարզ բան. փողի հաղթնակն այս ընտրություններում արդյունք է ոչ թե հասարակության նյութապաշության, այլ` ընդդիմադիր շատ քաղաքական ուժերի գաղափարական սնանկության. ժողովուրդը, ռեալ այլընտրանք չտեսնելով իշխանությունների կողմից առաջարկվող փողին, իրենց քվեները տվել են նրանց, ովքեր խոստումների փոխարեն քյաշ փողով են վարձահատույց եղել իրենց ընտրողներին:Հետևաբար` այստեղ ոչ թե մեղքն ընտրողներինն  է, այլ այդ փողը տվողների դեմ գաղափարական պայքար տանել չկամեցող կամ չկարողացող ուժերինը:

Ակակասկած է` եթե հասարակությունը տեսներ իրական այլընտրանք գործող իշխանություններին, ապա անպատճառ կքվեարկեր հենց իշխանություններին ընդդիմադիր այս կամ այն քաղաքական ուժի օգտին ու երբեք չէր վաճառի սեփական ձայնը:

Այնպես որ` հասարակությանը մեղադրելուց առաջ շատ ավելի արդարացի կլնի, եթե այդ մեղադրողներն ինքնաքննությամբ զբաղվեն ու փորձեն ոչ թե պարել նույն իշխանությունների դուդուկի տակ, այլ վերակզմակերպվեն ու մյուս ընտրություններին ներկայանալի տեսքի իրենք իրենց բերեն: Կանե՞ն, արդյոք, այդպես. դժվար թե…

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-04-06T21:07:56+00:00 Ապրիլի 6 21:07|Վերլուծություն|Մեկնաբանությունները կասեցված են Սին մեղադրանքներ-ում
//
//