«ՀՀԿ-ը ժողովրդին ներկայցնում է կիսակրիմանալ մարդկանց, հետո ասում ` ես ինչ անեմ, դուք ձայն տվեցիք»

«Այս ընտրությունները որևէ կապ չունեին գաղափարների կամ քաղաքական պայքարի հետ, դրանք այլասերված մեծամասնական ընտրություններ էին: Փաստորեն, հաղթեց այն ուժը, որը կարողացավ ավելի շատ տեղամասերում թեկնածուներ ունենալ, որոնք օգտագործում էին թե ադմինիստրատիվ, թե գումարային ռեսուրսը»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: «Իհարկե, ստացվեց, որ Հանրապետականի առաջադրված թեկնածուներն այս հարցում ավելի հաջողակ դուրս եկան, և եղավ այն, ինչ եղավ, ոչ թե գաղափարը հաղթեց, այլ այն մարդիկ, ովքեր անմիջապես շփվում էին իրենց ընտրողների հետ, նաև փող բաժանում, տարբեր տեսակի կաշառք տալիս: Սա է պատճառը, որ մենք չտեսանք դիսկուրսներ, մի կողմից եղել են մի քանի հոգի վարչապետ, նախարարներ, ովքեր ինչ-որ բաներ էին ասում հեռուստաեթերում, իսկ ներքևում` տարածքներում, այլ բաներ էին լրիվ ասվում, արվում»,-նկատեց նա: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու ընդդիմության ներկայացուցիչներն այդքան քիչ ձայներ հավաքեցին, նա ասաց. «Բոլոր դեպքերում այս օրենքը պահանջում է, որ կուսակցությունը շատ մեծ ներկայացվածություն ունենա տարածքներում, մարզերում, ռեյտինգային ընտրակարագը պահանջում էր ամեն տեղ մի քանի թեկնածուներ առաջադրել, դա մեծ գումար է և մեծ ռեսուրս, և այնպես չէ, որ Հանրապետականներն ամեն տեղ իրենց կարկառուն անդամներին էին առաջադրում: Ընդդիմադիր կուսակցություններն  այդ ռեսուրսը չեն կարող ունենալ, որովհետև նորմալ, դասական կուսակցությունը ձևավորվում է գաղափարի շուրջ, ամեն ինչ գալիս է ընտրությունների, օրենքի տրամաբանությունից, որ այս պարագայում շատ դժվար է փոքր կուսակցությունների համար ամեն մի գյուղում ոչ տարածված ուժին հաղթել»: Հովհաննես Իգիթյանը նկատել է, որ ժողովուրդը ձայնը տալիս էր կոնկրետ մարդուն, ով իր հարևանն էր, իր գյուղացին, կամ գալիս հասնում էր մինչև իր դուռը, խոստանում ոչ թե վեհ գաղափարներ, այլ կոնկրետ ֆինանսական միջոց: «Իսկ ընդդիմադիր կուսակցությունները թե չէին կարող, թե նաև չէին ուզում դա անել, որովհետև դա նրանց ոճը չէ: ՀՀԿ-ը ժողովրդին ներկայցնում է կիսակրիմանալ, ոչ զարգացած մարդկանց ու որևէ պատասխանատվություն չի կրում, հետո ասում է` ես ինչ անեմ, դուք ձայն տվեցիք, 20-30 հազար ձայն են հավաքել մարդիկ, ովքեր ոչ մի կապ չունեն ընտրությունների հետ»: Նա ասաց, որ իր եվրոպական կոնլեգաները զարմանում են, որ Հայաստանի նման երկրում որևէ քաղաքական բանավեճ չեղավ քարոզարշավի ժամանակ, ինչը քաղաքակիրթ երկրներին հատուկ է: «Լրիվ խաղաքարտերն իշխանության ձեռքում էին, և իշխանությունը դա խաղարկեց լավագույն ձևով»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.