/, Կարևոր, Մշակույթ/ Եթե քաղաքավարի արվի, ճաշակով, առանց բարձր երաժշտության ու հանդիսատեսի համար, լավ է. Գինոսյանը` Օպերայում սնվելու վայր լինելուց

Եթե քաղաքավարի արվի, ճաշակով, առանց բարձր երաժշտության ու հանդիսատեսի համար, լավ է. Գինոսյանը` Օպերայում սնվելու վայր լինելուց

«Եթե քաղաքավարի արվի ու հանդիսատեսի համար արվի, որ ընդմիջումների ժամանակ այնտեղ նստեն, զրուցեն, նորմալ է: Բայց Արամ Խաչատրյան դահլիճի նկուղային հարկում սրճարան կա: Եթե դա ցանկացած մեկի համար է, դա սխալ մոտեցում է, եթե հանդիսատեսի համար է, որ ընդիմջման պահին մի պատառ պիտի հաց ուտի, դա լրիվ ուրիշ է»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը` խոսելով մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հայտարարությունից, թե  Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ճաշելու և սնվելու՝ իր բովանդակությանը հարիր հատված պիտի լինի: Նշենք, որ նախապես գրվում էր, թե նախարարն ասել է, որ ռեստորան պետք է լինի, ինչը հասարակության կողմից, ֆեյսբուքում սուր քննադատության արժանացավ:

Ըստ Գագիկ Գինոսյանի, եթե այդ վայրը հանդիսատեսի համար է լինելու, լինելու է  ճաշակով, առանց բարձր երաժշտության տեղ, նորմալ մթնոլորտով, բա բոլորովին այլ բան է: «Մինչև չիմանաս` ինչ են կառուցում, սխալ է դատողություն անել: Բայց դրսից մարդ չպիտի գա, նա, ով գալիս է ներկայացման, նա կարող է գալ, սուրճ խմել, մի բաժակ հյութ խմել, իսկ եթե զվարճանքի վայր է դառնալու, որ մի հատ էլ բարձր երաժշտություն միացնեն, պարեն, ուրեմն միանշանակ` ոչ,  բայց եթե հանդիսատեսի համար է, որ իր ժամանցը լիարժեք անցկացնի, դա այլ բան է»,-հավելեց նա:

Գագիկ Գինոսյանը շեշտեց, որ ի սկզբանե, սխալ էր Օպերայի ներքևում գտնվող ակումբը, որը հիմա էլ կա:

Նշենք, որ Մշակույթի նախարարը պարզաբանում է տարածել, թե ինչ է նկատի ունեցել.

«Ժամանակն է, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն իրական բարձր արվեստի դիմագիծ ունենա. նկատի ունեմ եւ խաղացանկը, եւ շենքային պայմանները։ Բայց քանի որ լրատվամիջոցներում ամենաթարմ արձագանքը շենքային պայմանների մասին է, ուստի ուզում եմ պարզաբանում տալ հենց այդ հարցով։

Թատրոնի ճեմասրահում գործող «կայարանային» սննդի կետերից պետք է հրաժարվենք. խորհրդային մտածողության հասարակական սննդի կետերը պատիվ չեն բերում մեր Օպերային թատրոնին։ Պետք է հրաժարվենք նաեւ  «սենդվիչներ» ու գազավորված ըմպելիքներ մատուցող՝ այսօր եղած «ավտոմատներից»:

Ներկայացումների ընդմիջումներին մատուցվող մեկ բաժակ շամպայնը կամ հարմարավետ միջավայրում սուրճ խմելը, կարծում եմ, օպերային ներկայացման պատկերացման մեջ լիովին տեղավորվում է։

Տարիներ շարունակ Օպերային թատրոնում գործող «Օպերա» ակումբի հարցը եւս պետք է վերանայվի։ Չի կարելի Օպերային թատրոնում ունենալ նման թատրոնին ոչ հարիր հաստատություններ։ Օպերային թատրոնը պետք է ունենա ճաշելու եւ սնվելու՝ իր բովանդակությանը հարիր հատված, որտեղ եւ Թատրոնի արտիստները կսնվեն իրենց հատուկ սննդակարգով, եւ այցելուները կարող են համապատասխան միջավայրում ճաշել, եւ որտեղ հնարավոր կլինի հյուրեր ընդունել, կազմակերպել շնորհանդեսներ, տարբեր հյուրասիրություններ։

Ծայրահեղ կարծիքներ հայտնելը՝ ծանոթ չլինելով Օպերային թատրոնի միջավայրի նախագծին, կարծում եմ, կոռեկտ չէ։

Նախագիծը մշակվում է եւ պատրաստ լինելուն պես անպայման կներկայացվի հանրության քննարկմանը։ Հաշվի կառնվեն տեղին, բայց ոչ՝ պարզապես «սուր ճոճելու» համար հնչող կարծիքները»։

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-04-05T16:56:45+00:00 Ապրիլի 5 16:52|Լուրեր, Կարևոր, Մշակույթ|Մեկնաբանությունները կասեցված են Եթե քաղաքավարի արվի, ճաշակով, առանց բարձր երաժշտության ու հանդիսատեսի համար, լավ է. Գինոսյանը` Օպերայում սնվելու վայր լինելուց-ում
//
//