/, Կարևոր, Հասարակություն, Մշակույթ/ «Ռեստորանը կոպիտ է հնչում. նախարարը նկատի է ունեցել մի վայր, որտեղ ընդմիջումների ժամանակ կզրուցեն»

«Ռեստորանը կոպիտ է հնչում. նախարարը նկատի է ունեցել մի վայր, որտեղ ընդմիջումների ժամանակ կզրուցեն»

«Ռեստորանը կոպիտ է հնչում, անտրակտ է լինում, օրինակ, համերգը մի քանի մասից է լինում, սա նրա համար է, որպեսզի մարդիկ այդ ընթացքում նստեն, զրուցեն այդ 20 րոպեի ընթացքում: Կարծում եմ` այդպես է ասել նախարարը, թե չէ նկատի չի ունեցել, որ մի հատ էլ երաժշտական սաստավ բերեն, որ «Անուշ» օպերան հնչի, կողքից էլ ռեստորանային երաժշտություն: Այդպես հաստատ ասած չի լինի»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Արսեն Գրիգորյանը (Ասո)` խոսելով մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հայտարարությունից, թե  Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ճաշելու և սնվելու՝ իր բովանդակությանը հարիր հատված պիտի լինի: Նշենք, որ նախապես գրվում էր, թե նախարարն ասել է, որ ռեստորան պետք է լինի, ինչը հասարակության կողմից, ֆեյսբուքում սուր քննադատության արժանացավ:

Ինչ վերաբերում է սնվելու տեղ ունենալուն, երգիչը դեմ չէ: «Ես էլ համերգներ ունեցել եմ, ստացվում էլ է` ընդմիջումներ են եղել, մարդիկ գնացել են սնվել, սուրճ խմել այդ ընթացքում, հետ եկել»,-նկատեց նա:

Արսեն Գրիգորյանի խոսքով` Արմեն Ամիրյանը լավ մարդ է ու վատ գաղափարներ չէր հղանա:

Նշենք, որ Մշակույթի նախարարը պարզաբանում է տարածել, թե ինչ է նկատի ունեցել.

«Ժամանակն է, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն իրական բարձր արվեստի դիմագիծ ունենա. նկատի ունեմ եւ խաղացանկը, եւ շենքային պայմանները։ Բայց քանի որ լրատվամիջոցներում ամենաթարմ արձագանքը շենքային պայմանների մասին է, ուստի ուզում եմ պարզաբանում տալ հենց այդ հարցով։

Թատրոնի ճեմասրահում գործող «կայարանային» սննդի կետերից պետք է հրաժարվենք. խորհրդային մտածողության հասարակական սննդի կետերը պատիվ չեն բերում մեր Օպերային թատրոնին։ Պետք է հրաժարվենք նաեւ  «սենդվիչներ» ու գազավորված ըմպելիքներ մատուցող՝ այսօր եղած «ավտոմատներից»:

Ներկայացումների ընդմիջումներին մատուցվող մեկ բաժակ շամպայնը կամ հարմարավետ միջավայրում սուրճ խմելը, կարծում եմ, օպերային ներկայացման պատկերացման մեջ լիովին տեղավորվում է։

Տարիներ շարունակ Օպերային թատրոնում գործող «Օպերա» ակումբի հարցը եւս պետք է վերանայվի։ Չի կարելի Օպերային թատրոնում ունենալ նման թատրոնին ոչ հարիր հաստատություններ։ Օպերային թատրոնը պետք է ունենա ճաշելու եւ սնվելու՝ իր բովանդակությանը հարիր հատված, որտեղ եւ Թատրոնի արտիստները կսնվեն իրենց հատուկ սննդակարգով, եւ այցելուները կարող են համապատասխան միջավայրում ճաշել, եւ որտեղ հնարավոր կլինի հյուրեր ընդունել, կազմակերպել շնորհանդեսներ, տարբեր հյուրասիրություններ։

Ծայրահեղ կարծիքներ հայտնելը՝ ծանոթ չլինելով Օպերային թատրոնի միջավայրի նախագծին, կարծում եմ, կոռեկտ չէ։

Նախագիծը մշակվում է եւ պատրաստ լինելուն պես անպայման կներկայացվի հանրության քննարկմանը։ Հաշվի կառնվեն տեղին, բայց ոչ՝ պարզապես «սուր ճոճելու» համար հնչող կարծիքները»։

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-04-05T16:36:51+00:00 Ապրիլի 5 16:36|Լուրեր, Կարևոր, Հասարակություն, Մշակույթ|Մեկնաբանությունները կասեցված են «Ռեստորանը կոպիտ է հնչում. նախարարը նկատի է ունեցել մի վայր, որտեղ ընդմիջումների ժամանակ կզրուցեն»-ում
//
//