«Սամվել Կարապետյանի տված ծանրակշիռ խոստումներն էլ իրենց տեղն ունեն»

«Այն բանից հետո, երբ Կարեն Կարապետյանի կառավարությունն ու իշխող կուսակցությունը խոսեցին այն մասին, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը կարող է տանել նրան, որ Ռուսաստանն էական ներդրումներ կատարի Հայաստանում, ունենա մեծ մասնակցություն Հայաստանի տնտեսական կյանքում, աշխուժացման մեջ, որ ռուսական կողմը կարող է մասնակցել Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան տնտեսական զարգացումներին, իրականում Հայաստանում վերջին մեկ ամսվա մեջ ստեղծվեց մթնոլորտ, որ հակառուսական կարգախոսով հանդես գալը ոչ մեկին դիվիդենտ չբերեց:  Սա հասկացան բոլոր ուժերը և նույնիսկ նրանք, ովքեր խոսում եին մեր ԵՏՄ-ից դուրս գալու մասին, ովքեր Ռուսաստանի դերը կասկածի տակ էին դնում. նրանք իրենց այդ հռետորաբանությունը ցածրացրին»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը: Ըստ նրա` հիմա հասարակությունը մեծ սպասումների մեջ է: «Ես չգիտեմ, թե ինչ կլինի, եթե այդ սպասումներն չարդարանան, ես բայց իրավունք չունեմ հավատալու, որ մենք առաջընթաց չենք ապահովելու: Այն ներդրումների գործընթացը, որ հունվարին Մոսկվայում սկսվեց, որտեղ Կարեն Կարապետյանի կառավարությունը խոստումներ ստացավ, որ աջակցություն կլինի, սա երկրում սպասումների ֆոն է ստեղծում: Սամվել Կարապետյանի տված ծանրակշիռ խոստումներն էլ իրենց տեղն ունեն, այս 2 թեմաների համադրումը թույլ է տալիս եզրակացնել, որ մենք մոտակա ամիսներին գտնվելու ենք պոզիտիվ սպասման դաշտում»,-շեշտեց Արամ Սաֆարյանը: Սակայն, ըստ վերջինիս, խոստումերն անսպառ չեն ու չի կարող սուտ խոստումներով գայթակղել գործընթացը:   «Նաև առաջիկայում կարևոր ընտրություն է սպասվում, նախագահի ընտրությունը նկատի ունեմ, ընտրելու են ընտրողներն ու խորհրդարանականները, սա էլ պատասխանատու գործընթաց է, որովհետև դժվար է լինելու, ակտիվ քաղաքական կոնսուլտացիաներ է ենթադրում, էլիտան պետք է որոշի` իր մեջից ում է առաջադրելու, և ինչպես են աշխատելու այդ 2 ինստիտուտներն իրար հետ, ինչպես է աշխատելու ՀՀԿ-ի հետ: Դա էլ է կարևոր: Այս հարցերն են, որ քաղաքական կյանքում կարևոր նշանակություն ունեն»,-եզրափակեց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.