Այդ որոշումն են կայացրել, կստանան այն 5 տարին, որին իրենք արժանի են. «Ելքի» արձագանքը

«Հիմա ձայները եղել են այնքան, ինչքան մարդիկ գնացել, քվեարկել են: Որևէ մի ձայն մեզ տրված չի կորել, մենք բոլորը պահել ենք»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը: Դիտարկմանը, թե նախկինում ասվում էր, որ հետընտրական զարգացումներ կլինեն, եթե իրենց ձայներից գողացվեն, այսինքն, հիմա չեն լինի, նա արձագանքեց. «Ի՞նչի հիման վրա, մենք ձայներ չենք կորցրել, 121 հազար մարդ այս երկրում մեզ ձայն է տվել, այդ ձայները ֆիքսվել են: Մարդիկ ուրիշ մարդկանց են տվել, ուրիշներին են քվեարկել»: Հարցին, թե ինչպես է դա գնահատում` հաշվի առնելով, որ ՀԱԿ-ին, ՀՎԿ-ին շատ քիչ ձայներ են տրվել, իսկ իրենց ձևավորած նոր ուժին` ավելի շատ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ պիտի ՀԱԿ-ին ընտրեր: 2008-ին ձախողվեցին, իսկ այսօր եկան, ասացին` եկեք, խաղաղ ապրենք: Իրենք իրենց պահվածքով, իրենց քաղաքականությամբ, Լևոն Տեր-Պետրոսյանի անձի պաշտամունքով և Արթուր Բաղդասարյանն էլ իր անձի պաշտամունքով և 2008 թվականի որոշմամբ իրենց ճակատագիրը վճռեցին: 2012-ին, 2013-ին Սերժ Սարգսյանի թեկնածությյունը պաշտպանելով, Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որ ինքը Սերժ Սարգսյանին սատարում է, համարում է իրական իշխանափոխություն...իրենք իրենց վախճանեցին, և այո, քաղաքական սենրդափոխության ժամանակն է եկել»: Ալեն Սիմոնյանը չի զարմանում, որ ՀՀԿ-ի ու «Ծառուկյան» դաշինքի օգտին այսքան քվեարկողներ են եղել: «Մարդիկ որոշել են վաճառվել, վաճառվել են, մարդկանց բերել են, հասցրել այն վիճակին, որ վաճառվելը դարձել է նորմալ, ընտրությունն այդպես են կատարել: Թող մի քիչ ավելի քիչ վաճառվեին, կես միլիոն ձայն կհավաքեինք, ավելի շատ բան կփոխեինք: Այդ որոշումն են կայացրել, կստանան այն 5 տարին, որին իրենք արժանի են, իսկ այն 121 հըազարը, որ մեզ քվեարկել են, ես համարում եմ, որ իրենք մեր 3-րդ հանրապետության հիմքն ու էլիտան են, այդ թիվը գնալով շատացնելու ենք, որ մյուս ընտրություններին դա դառնա եռակի, քառակի»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.