fbpx
/, Կարևոր, Հասարակություն, Քաղաքականություն/ Հասարակությունն ընտրեց արտագաղթը

Հասարակությունն ընտրեց արտագաղթը

Ասում են, չէ՞, որ ամեն մի ժողովուրդ, հասարակություն արժե իր իշխանությանը: Կարող ենք հավելել, որ արժե իր ընդդիմությանն էլ: Երեկ կայացած խորհրդարանական ընտրությունները լավագույն կերպով ցույց տվեցին հայ հասարակության իրական պատկերը, իրական դեմքը: Մարդիկ, փաստորեն, տարիներ շարունակ դժգոհում են անարդարություններից, կոռուպցիայից, մենաշնորհից, այդ ամենից եկող աղքատությունից, տնտեսության ծայրահեղ վիճակից, արտագաղթից, սակայն գնում ու ընտրում են այդ ամենի համար պատասխանատու ուժին: Դե ինչ, ասենք շնորհավոր:

Ասում են՝ ընտրություններից առաջ մարդկանց վախեցրել են, ճնշել են, ընտրակաշառք են բաժանել, ոչ համատարած, բայց ամեն դեպքում բաժանել են, բայց քվեախցիկի հետևում ընտրողն արդեն մնում է իր խղճի հետ: Ոչ մի վախ, ոչ մի ճնշում չի կարող նրա վրա անդրադառնալ, եթե նա գիտակցի, որ ոչ ոք չի կարող իմանալ, թե ինքն ում է քվեարկել, կամ թեկուզև իմանան, 50 հազար դրամ կազմող աշխատավարձից ե՞ն զրկվելու, թե իսկապես հույս ունեն, որ նոր վարչապետը մի բան է փոխելու:

Ասում են՝ ՔԿՀ-ների աշխատակիցներին որոշ թեկնածուներ խոստացել են, որ ամեն ինչ կանեն, որ ազատ արձակեն, գործազուրկներին խոստացել են, որ աշխատանքով կապահովեն, բայց նախորդ անգամներն էլ են եղել այս խոստումները… Մարդիկ կամ սիրում են խաբվել, կամ իսկապես սիրում են իրենց իշխանություններին, ուղղակի քանի որ քննադատելու տենդենց կա, իրենք էլ են քննադատում, որ հետ չմնան մյուսներից:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը մեզ հետ զրույցում ավելի վաղ նշել էր, թե հասարակությունն էլ արտագաղթն է ընտրելու, այդպես էլ եղավ…Այս ընտրությունը ոչ թե քաղաքական ուժերի միջև էր, այլ Հայաստանում ապրելու և այստեղից հեռանալու միջև: Հաղթեց երկրորդ տարբերակը:

Իհարկե, միայն իշխանություններին, հասարակությանը մեղադրելը ճիշտ չէ, ընդդիմությունն էլ ունի իր մեղքի բաժինը, այն էլ «առյուծի» բաժինը: «Ելքը» միակ ընդդիմադիր ուժն է, որ խորհրդարան է անցնում՝ ըստ նախնական տվյալների: Բայց այս ուժն էլ ընտրություններից միայն կես տարի առաջ սկսեց ակտիվ գործունեություն ծավալել, իսկ մարզերում ո՞վ պիտի աշխատեր, ո՞վ պիտի հասարակ գյուղացուն բացատրեր, որ պիտի գաղափարն ընտրել:

Ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-04-03T12:32:39+00:00 Ապրիլի 3 12:31|Լուրեր, Կարևոր, Հասարակություն, Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են Հասարակությունն ընտրեց արտագաղթը-ում
//
//