Վստահ եմ, որ իմ համայնքակիցները ինձ ընտրելու են նորը և լավագույնը տեսնելու ակնկալիքով

Norlur.am-ի զրուցակիցն է Սյունիք-Վայոց Ձոր մարզերը ընդգրկող թիվ 12 ընտրատարածքից պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանը։ Պարոն Առուշանյան, 26 տարեկան եք և արդեն հայտ եք նեկայացրել մասնակցելու մի գործընթացի, որը հնարավոր է Ձեր ներկայությունն ապահովի հայրենի օրենսդիրում: -Ո՞վ է Առուշ Առուշանյանը ծննդավայրում, մարզում և 12-րդ ընտրատարածքում: -Ինձ առավելապես ճանաչում են որպես երիտասարդ գործարար: Մեր ընտանեկան բիզնեսը երկարամյա պատմություն ունի․ աշխատավոր մարդիկ ենք և գիտենք վաստակի ու չարչարանքի արժեքը։ Մշտապես փորձել ենք ներդրում ունենալ սոցիալական բազում խնդիրների լուծման գործում, աջակցել համայնքային նախաձեռնությունների իրականացմանը: Չգիտեմ՝ որքանով է ստացվել․ այն ժողովուրդն է գնահատում, որն էլ մեզ առաջնորդում է լինել ժողովրդի կողքին, ճանաչել ու ճանաչվել։ Մեզ համար կարևորն այն է, որ ամենադժվարին պահին էլ եղել ենք ծննդավայրում ու ճանաչում ենք մարզի խնդիրները, ունենք դրանց լուծման մեր մոտեցումները։ Ես միայն իմ սերնդով չեմ ճանաչվում։ Այստեղ են ապրել պապս, այստեղ են ապրում հայրս ու հարազատներս, այստեղ են ծնվելու նաև իմ սերունդները։ Մարզում, իմ հայրենի քաղաքում ես շարքային սյունեցիներից մեկն եմ, ով ցանկություն ունի հետամուտ լինելու ծննդավայրի շենացմանը, պետության կառուցմանը։ -Ի՞նչու որոշեցիք քաղաքականություն մուտք գործել` միանգամից վերցնելով պատգամավոր դառնալու նշաձողը: -Առաջարկը ստացել եմ Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից: Կարծում եմ, որ քաղաքական որոշումը պատահական չի եղել․ իմ կարողություններն ու ուժերը գնահատելու արդյունքում է որոշում կայացվել: Ես արդեն ասել եմ, որ ինձ համար մեծագույն պատասխանատվություն է լինել այն թիմի անդամը, որն իր առջև հստակ նպատակ է դրել իրականացնել ծրագիր, որի հիմքում Հայաստանի ապագայի և ժողովրդի անվտանգության պատասխանատվությունն է: Ես գիտակցում եմ խնդիրների մեծությունն ու դժվարությունները և պատրաստ եմ երիտասարդ տարիներիս եռանդը նվիրել հայրենական գործին: Արդեն հասցրել եմ իմ աշխատանքում հաջողությունների հասել` հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ: Դժվարություններից չեմ վախենում և չնայած իմ երիտասարդ տարիքին` գիտակցում եմ, որ կարող եմ ջանքերի ներդրման, աշխատասիրության արդյունքում փոփոխությունների կրողը և առաջարկողը լինել: -Ի՞նչու պետք է ընտրողը հենց Ձեզ ընտրի -Ինչ խոսք, յուրաքանչյուր ընտրող ինքն է որոշում, թե ում պետք է տա իր վստահության քվեն: Ձեր հարցին, թե ի՞նչու ինձ պետք է ընտրեն, կպատասխանեմ, որ այդ վստահությունը ես վաստակել եմ իմ աշխատասիրությամբ, իրատեսական մոտեցումներով, հայրենի քաղաքը և նրա հոգսերը ճանաչելու ձիրքով։ Նույնիսկ քարոզարշավի ընթացքում, երբ այցելում եմ որևէ համայնք, ներքին հպարտություն եմ զգում, որ գրեթե համայնք չկա, որտեղ մեր կողմից ներդրում կատարված չլինի: Ես քաղաքական պաշտոն չեմ զբաղեցրել, բայց շահագրգիռ եմ եղել ներդրում ունենալ տարբեր համայնքներում բազմաթիվ խնդիրների լուծման գործում: Չեմ առաջնորդվում խոստումներ տալով, այլ իրատեսական և շոշափելի աշխատանքով եմ ներկայանում իմ ընտրողներին: Ես վստահ եմ, որ մարդիկ գնահատում են յուրաքանչյուր աշխատանք։ Երբ կա ցանկություն, հետևողականություն և քրտնաջան աշխատանք, միշտ հնարավոր է որակական փոփոխությունների հասնել: Վստահ եմ, որ իմ համայնքակիցները ինձ ընտրելու են նորը և լավագույնը տեսնելու ակնկալիքով։ Ես պետք է չհիասթափեցնեմ նրանց, պետք է շատ աշխատեմ։ Հայրենիքիս նկատմամբ ունեցած ներքին նվիրումս չեմ կարող թաքցնել։ Այն փոխանցում եմ և պիտի փոխանցեմ հայրենակիցներիս՝ շահելու նրանց վստահությունը։ Ես դեռ շատ եմ ապրելու այստեղ, ու այսօրվա՝ իմ նկատմամբ ունեցած վստահությունը չեմ դարձնի վաղվա իմ թշնամին։ -Արդյո՞ք պատրաստ եք այս տարիքում Ձեր ուսերին վերցնել հազարավոր մարդկանց խնդիրները և չհիասթափվել: -Եթե պատրաստ չլինեի, քայլ չէի կատարի դեպի քաղաքականություն: Մարդկանց խնդիրները լսելը, այդ խնդիրների լուծմանը ընթացք տալը, ինձ համար նորություն չէ: Ես արդեն նշեցի, որ տարիներ շարունակ մեծ ներդրումներ ենք կատարել տարբեր ոլորտներում: Պարզապես պատասխանատվությունն է մեծանում, իսկ ես վստահ եմ, որ կարող եմ պատվով կրել այդ պատասխանատվությունը: Վստահ եմ նաև, որ հետագայում էլ կարողանալու եմ նայել ինձ ընտրողների աչքերին։ Ես մենակ չեմ կրելու այդ հոգսը, իմ հայրենակիցներին պիտի մասնակից դարձնեմ ընդհանուր գործին․ մեկս հորն է փորելու, մյուսը ծառն է տնկելու, հաջորդը ջրելու է ու այսպես շարունակ։ Լինում են հիասթափության պահեր, բայց անկեղծ եմ ասում, այն տեղում ցրվում է, երբ շփվում եմ ժողովրդի հետ։ Զգում եմ՝ ունեմ լսելու ընդունակություն, որն էլ առաջնորդում է լինել հոգսի կրողը և գործի մասնակիցը։ Կտեսնեք, որ ես մենակ չեմ լինելու խնդիրների լուծման ճանապարհին, այդ պահին էլ ես իմ ժողովուդին, նա էլ ինձ մեկուսի չի թողնի։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.