Սամվել Բաբայանի համար ծիծաղելի է տեսակետը, թե ուղղաթիռ էր խփվելու «Իգլա»-ով

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համախոհ Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի ճանաչում: Այս մասին Norlur.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը: «Նման որոշումները սովորաբար բողոքարկվում են անհիմն լինելու պատճառով. Բաբայանին կալանավորելու հիմքեր չկան»,-նշեց նա: Վերջինս միանշանակ վստահեցրեց.«Սամվել Բաբայանի որևէ գործողության մեջ որևէ հոդվածով նախատեսված հանցակազմ չկա»: Նա հավելեց, որ անմեղության կանխավարկածի խախտում է այն, որ ըստ դատախազության Սամվել Բաբայանն ընդունել է մեղադրանքը: Փաստաբանը տեղեկացրեց, որ պատրաստվում է ներկայացնել վերաքննիչ բողոք` Սամվել Բաբայանի կալանավորումը փոխելու հարցով: Նա նաև հույս հայտնեց, որ նախաքննությունն օբյեկտիվ կընթանա: Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի մեկ այլ հայտարարության, թե «Իգլա» տեսակի զենքով խոցվելու էր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի, ամենայն հավանականությամբ նախագահ Սերժ Սարգսյանի ուղղաթիռն, ապա Ավետիս Քալաշյանը նկատեց, որ դա Սամվել Բաբայանի համար ծիծաղելի է: Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով: 235.1 հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Այն պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.