Եվ սա ոչ պոպուլիզմ է, ոչ էլ գլուխ գովել. Վարդան Օսկանյանն` իր ծրագրից ու Կոնգրեսից

«Ամեն մարդ իր տեսակետն ունի, կարծիքն ունի, պետք է հարգել բոլորը, ես իմ մասով եմ ասել: Ես կարողացել եմ հասնել նրան, երբ ոչ ոք չէր կարողանում պատկերացնել, հաջողվեց ամրագրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը բանակցային փոլում, որ միջազգային հանրությունը դա ընդունի, դրա մասին խոսի, և դա ստացվել է»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ, պատգամավոր, Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն` անդրադառնալով Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախընտրական ծրագրին, որն է խաղաղությունը: «Հիմա էլ նույն վստահությամբ ասում եմ, որ իսկապես ժամանակն այնպիսին է, նաև քաղաքական մթնոլորտը, միջազգային կազմակերպությունների ընկալումներն այնպիսին են, որ հնարավոր է ճիշտ, արդյունավետ, հմուտ դիվանագիտություն վարելու դեպքում հասնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդեն 25 տարի ինքնորոշված ժողովրդի փաստի միջազգային ճանաչմանը: Եվ սա ոչ պոպուլիզմ է, ոչ էլ գլուխ գովել»,-հավելեց Վարդան Օսկանյանը: Կոնգրես-ՀԺԿ դաշինքի մոտեցումը հստակ է՝ ԼՂ խնդրի լուծման այլ տարբերակ, քան փուլայինն է, չկա, հետեւաբար՝ շուտափույթ կարգավորել հակամարտությունը՝ ստորագրելով բանակցային սեղանին դրված փաստաթուղթը։ «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության, անգամ` գոյության հրամայականն է դուրս գալ հարեւան պետությունների հետ հակամարտությունների մեջ գտնվող եւ շրջափակումներից տնտեսապես խեղդվող երկրի վիճակից եւ դառնալ բոլոր հարեւանների հետ հաշտ ու խաղաղ ապրող, ազատ առեւտուր, տնտեսական փոխշահավետ համագործակցություն եւ հաղորդակցության բաց ուղիներ ունեցող երկիր։ Հաշտությունը կապահովի Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, վերջինիս ինքնորոշման իրավունքի իրացումը։ Այն վերջ կդնի ռազմաճակատի գոտում հարյուրավոր զինվորների եւ խաղաղ բնակչության կորուստներին, թույլ կտա դադարեցնել սպառազինությունների մրցավազքը...»,- նշված է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախընտրական ծրագրում։ Իսկ այդ նպատակին հասնելու համար նրանք առաջարկում են. «Հետեւողական ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած եւ ՀՀ իշխանությունների կողմից 2007 թվականից ընդունված Ղարաբաղյան կարգավորման ծրագրի շուտափույթ իրագործման ուղղությամբ, վերականգնելով ԼՂՀ-ի, որպես հակամարտության լիիրավ կողմի մասնակցությունը կարգավորման գործընթացին»։ ՕՐՕ  դաշինքի ծրագրում նշված է միայն երկարատեւ խաղաղության գնալու նպատակի մասին, նաեւ ասված է, որ պետք է խրախուսել երկու երկրների ժողովուրդների միջեւ «ժողովրդական դիվանագիտությունը»՝ փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու համար, առանց որի խոսել խնդրի կարգավորման մասին անպտուղ է եւ անիմաստ։ Նրանք նշել են, որ պետք է բացառել միակողմանի ցանկացած զիջում, եւ վերջապես՝ «ԼՂ խնդրի կարգավորման բանալին գտնվում է Երեւանում, Ստեփանակերտում եւ Բաքվում, սակայն վերջնական խոսքը պատկանում է արցախցիներին» Հարցին, թե առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ հռետորաբանության փոփոխություն նկատում է, Վարդան Օսկանյանը պատասխանեց. «Չեմ ուզում գնահատական տալ»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.