«Կեղծ ընդդիմադիրները կամ այլընտրանքները հնարավորության դեպքում կգցեն Հանրապետականին»

Norlur.am-ի զրուցակիցն է ՀՀՇ վարչության նախկին անդամ, քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանը: -Պարո´ն Ռուբինյան, հետևո՞ւմ եք քարոզարշավին: -Անկեղծ ասած` այդպես սևեռուն չեմ հետևում: -Ամեն դեպքում պիտի որ տեղյակ լինեք եղած միջադեպերից`դանակահարություն, կրակոցներ. սպասելի՞ էր, որ նման կերպ կընթանար քարոզարշավը: -Իհարկե, սպասելի էր: -Այսինքն` անթերի ընտրություններ չսպասե՞նք: -Արդեն ակնհայտ է դա, փաստորեն, ընտրական նորամուծություններով պայքարին մասնակից ուժերի միջև ավելացրել են նաև ներքին պայքարը, սա էլ ավելի է սրվել: Իսկ քանի որ մեզ մոտ ընտրական ավանդույթն այնպիսին է, որ ոչ թե գաղափարական պայքար է, այլ փողի ու զոռբայության, բնականաբար, լարվածությունն էլ էլ ավելի մեծ կլինի: Դրան եթե գումարենք այն խայտառակ վարկանիշը, որ ունի Հանրապետական կուսակցությունը, այն տապալումների ճանապարհը, որով Սերժ Սարգսյանը գնացել է վերջին տարիներին, կերևա, որ շատ ավելի դժվար պիտի լինեն ընտրություններն իրենց համար: -Կա՞ մի ուժ, որին համակրում եք: -Իհարկե, շատ բավարարված չեմ, սպասում էի, որ ավելի ակտիվ ընտրապայքար կտանեն, որն ավելի մոտ պիտի լինի ժողովրդին ապստամբության տանելուն, բայց դա չկա, բավական ակտիվ, բայց դասական ընտրապայքարի մեջ է, դրա համար չեմ համակրում, բայց հավատում եմ: Դա «Ելք» դաշինքն է, ընտրությունս երևի թե լինի նրանց կողմը: -Իսկ նրանց քարոզարշավային մոտեցումը` այցելել բակից բակ, ընդունելի կլինի՞ հասարակության համար: - Հասարակության այն մասի կողմից, որը հուսալքված մտածում է, թե որքանով իր ձայնը վաճառի, ոչ, չի ընդունվի, սակայն ընդդիմադիր ժողովրդի կողմից կընդունվի որպես նորմալ քարոզարշավ, իսկ իմ կողմից չի ընդունվի, որովհետև ես շատ ավելի ակտիվ ու կտրուկ քայլեր էի սպասում, որոնք չեն արվում: -Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը օրեր առաջ հանդես եկավ  հայտարարությամբ` ասելով, որ պատրաստ են լայն կոնսոլիդացիայի խորհրդարան անցնելու հետո: Հնարավոր համարո՞ւմ եք դա: -Չեմ բացառում, որովհետև, ի վերջո, կարող է լինել այնպիսի իրադրություն, որ նույնիսկ այնպիսի կոնսոլիդացիայի կգնան` խայտաբղետ` «ընդդիմություն», իրական ընդդիմություն, այլընտրանք, դեմագոգիկ ընդդիմություն, անգրագետ ընդդիմություն, կարող են միավորվել միայն հանուն այն բանի, որ ՀՀԿ-ին զրկեն իշխանությունից: Դա հնարավոր տարբերակ է, թե դա ինչքանով դրական ուղի կլինի, կյանքը ցույց կտա: Բայց չեմ կարծում, որ ներկայումս պայքարի մեջ մտած կեղծ ընդդիմադիրները կամ այլընտրանքները շանս ունենալու դեպքում չեն փոխի գործընկերներին, այսինքն` չեն գցի Հանրապետականին, հաճույքով կգցեն, այլ կոնֆիգուրացիա հնարավոր է: -Իսկ Ձեր նախկին ուժի` Կոնգրեսի խաղաղության ծրագրի մասին ի՞նչ կասեք: Բավական երկար խոսակցությունէ, եթե կարճ ասեմ, ապա դա արհեստական ներմուծված օրակարգ է, որից որևէ լավ բան չեմ սպասում: -Հետընտրական զարգացումներ սպասելի՞ են: -Քիչ հավանական եմ համարում, բայց բացառել չի կարելի է: -Ինչո՞ւ, որովհետև հասարակությունը հոգնած ու հիասթափված է: -Հասարակությունը հիասթափված է, հոգնած է, ընդդիմությունը կազմալուծված է: -Ճշտող հարց, Դուք ՀՀՇ անդամ չեք, չէ՞: -Ոչ, երբ երբ երկրորդ անգամ Սերժ Սարգսյանի դուռը գնացին, ես հայտարարություն արեցի ու դուրս եկա ՀՀՇ-ից: -Այդ դեպքում հնարավո՞ր է, որ տեսնենք Ձեզ այլ քաղաքական ուժի կազմում, օրինակ` «Ելքի»: -Այս պահի դրությամբ որևէ այդպսի մտադրություն, ցանկություն չունեմ:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.