/// Ազգաբնակչության առողջությունը վտանգված է

Ազգաբնակչության առողջությունը վտանգված է

Դատելով մամուլում տեղ գտած լուրերից ու հետզհետե ակտիվացող խոսակցություններից` ՀՀ առողջապահության համակարգում կրկին մի նոր խնդիր է հասունանում`խնդիր, որը դուրս է մարդկայն բարոյական նորմերի համակարգից:

Մասնավորապես`ասում են` հանրապետության հիվանդանոցներում կատեգորիկ  կերպով հրաժարվում են օգնություն ցուցաբեել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր փորձում են պետպատվերի շրջանակներում բուժօգնություն ստանալ: ՀՀ  քաղաքացիներից շատերն, ովքեր այս կամ այն պատճառով ստիպված են լինում ապավինել պետության չեղած հոգածությանը, ԶԼՄ-ներում բողոքում են, որ  աշխարհի ամենամարդասիրական համակարգերից մեկը համարվող առողջապահության ոլորտում չեն կարողացնում հավուր պատշաճի իրացնել իրենց` անվճար բուժօգնություն ստանալու իրավունքը. գրեթե բոլոր բուժհաստատություններում ՀՀ քաղաքացիներին մերժում են պետպատվերի շրջանակներում օգնություն ցուցավերել, հրաժարվում են անգամ ախտորոշել`պատճառաբանելով, թե այլևս ծախսել են նախատեսված պետպատվերը, իսկ հերթագրումներն էլ կատարում են օգոստոսի կամ սեպտեմբերի համար:

Թե ինչի հետևանք կարղ  է լինել այս անմարդկային երևույթը, դժվար է ասել, բայց ամնևին էլ չի բացառվում, որ սրա պատճառ հանդիսացած լինի Հայաստանի` նախընտրական շրջանում գտնվելը: Գաղտնիք չէ, որ ոմանք նախատեսում են կլորիկ գումարներ ծախսել ընտրությունները բարեհաջող կերպով «հորով-մորով անելու» համար, ու հիմա որոշել են անհրաժեշտ միջոցները հենց բյուջեից վերցնել: Միգուցե ասվածը կարող է մի փոքր անհիմն հնչել, բայց  Հայաստանի նորանկախ քաղաքական  պատմության մեջ մեկ անգամ չէ,որ նմանատիպ երևույթներ են տեղ գտել:

Անկախ այն բանից, սակայն, թե ինչ հիմքերով են մարդկանց փաստացի մահվան դատապարտում, անքննարկելի է, որ Առողջապահության նախարարությունը ստեղծված իրավիճակում չի կարող քար լռություն պահպանել: Գիշեր-ցերեկ բարեփոխումներից խոսող նախարարությունում պարտավոր են կոնկրետ քայլեր ձեռնարկել`խնդիրը կարգավորելու համար: Չնայած պետք է նկատել, որ այնտեղ արդեն հասցրել են կրավորական կեցվածք ընդունել ու մերժում են նմանատիպ խնդրի գոյությունն`առհասարակ, ինչը, պետք է խոստովանել, միանգամայն սպասելի էր:

Անկախ այն բանից, թե այս խնդրն երբ կամ ինչպես կկարգավորվի, փաստը մնում է փաստ, որ գոյություն ունեցող համակարգը սպառել է իրեն ու պետք է վերանայվի: Իսկ թե ինչով կփոխարինեն հինը, քննարկման այլ թեմա է, բայց որ այն պետք  է փոխարինել ինչ-որ բանով, անկասկած է:

 

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-20T22:44:20+00:00 Մարտի 18 21:45|Վերլուծություն|Մեկնաբանությունները կասեցված են Ազգաբնակչության առողջությունը վտանգված է-ում
//
//