«Ես չեմ կարղ որևէ մեկի կարծիքը փոխել, կամ ասել` ամոթ քեզ, այս ի՞նչ քարոզարշավի ես մասնակցում: Ամեն մարդ իր նախասիրություններն ու համոզմունքներն ունի, իրանք պիտի հասկանան` ճիշտ են անում, թե սխալ, որ մասնակցում են որևէ քարոզարշավի, ես իմ համոզումն ունեմ, գիտեմ` որտեղ մասնակցեմ, որտեղ չմասնակցեմ, ինչ երգեմ, ինչ չէ»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Արթուր Իսպիրյանը` անդրադառնալով քննադատություններին, որոնք ուղղված են «Հանրապետականի» քարոզչության մասնակցող երգիչներին, հաղորդավարներին:

Նա նշեց, որ իր սիրած երգիչը` Սթիվի Վոնդերը, գովաբանում էր Օբամային ընտրությունների ժամանակ, սակայն դա չի նշանակում, որ պիտի աչքից գցեր նրան: «Հիմա ես ի՞նչ անեմ, Սթիվի Վոնդերի երաժշտությունը չլսեմ, եթե նույնիսկ Օբամային չէի ընդունում կամ ընդունում էի որպես նախագահ, Սթիվի Վոնդերն իր քարոզարշավի համար առաջին քարոզիչն է եղել, նույնիսկ ԱՄՆ-ում հեռախոսներին մեսիջ է ուղարկել` բարև Ձեզ, ես Սթիվի Վոնդերն եմ ու իմ ձայնը տալու եմ թեկնածու Օբամային, ու ինքն էլ լավ նախագահ է լինելու»,-պատմեց Արթուր Իսպիրյանը:

Վերջինս նկատեց, որ նույնն էլ վերաբերում է Լեդի Գագային, վերջինս էլ էր մասնակցում քարոզարշավին:

Հարցին, թե նշանակում է սա, որ մեր հասարակությունը ծայրահեղական է, երգիչը պատասխանեց. «Չեմ կարող համեմատել մեր հասարակությունը ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի հասարակության հետ, քանի որ մեզ մոտ շատ տարբեր է ընտրական քարոզարշավն էլ, կուլտուրան էլ, ինտելեկտը, մենք շատ փոքր երկիր ենք ու շատ վատ բաներ ենք տեսնում, դրա համար մարդկանց մոտ կարող է զայրույթ առաջացնի, ասեն` այս կուսակցությունն ի՞նչ է արել ժողովրդի համար բացի վատից, որ դուք էլ հիմա գնում եք, իրան եք քարոզում, կամ այս թեկնածուն ի՞նչ է արել, ընդհանրապես չենք ճանաչում, մարդիկ չեն ճանաչում, չեն իմանում` ով է, ինչ է, ոնց կարող են ընտրել, ես չեմ հասկանում:

Մի օր է գալիս, որ հայտնվում են իրենք, իրենց գլուխներն ենք տեսնում, ու գրում են, որ այս ինչ թեկնածուն ամեն ինչ կանի կամ գնում են բակեր, կեղծ ձևով, մի 2 կոպեկ փող են տալիս, որ գան, մի 2 տատիկներ էլ փաթաթվում են, համբուրում են այդ թեկնածուին, իբր թե ճանաչում են, թե լավ գործ է արել:
Այնքան խառն է, պարզ չէ, թե ով ում բարեկամն է, ինչ է արել, բայց երգիչներին ոչ կարող եմ խորհուրդ տալ, ոչ էլ քննադատել. իրենք իրենց խելքն ունեն, փորձն ունեն, ամեն ինչ տեսնում են, թե ով է երկրի թշնամին ու բարեկամը, ինչ անում են, իրենց են անում, լավ գիտեն, ամեն ինչ փողով չի էլի»,-եզրափակեց Արթուր Իսպիրյանը: