fbpx
/// Դեսպանի տապալված առաքելությունը

Դեսպանի տապալված առաքելությունը

Ինչպես արդեն հայտնի է դարձել, Ռուսաստանի դաշնությունում ՀՀ դեսպանը` Օլեգ Եսայանը, պաշտոնապես հրաժարական է տվել: Այսօր արդեն Սերժ Սարգսյանի`մարտի 10-ի որոշմամբ նա պաշտոնապես ազատվել է աշխատանքից: Նախագահի մեկ այլ հրամանագրով էլ Վարդան Տողանյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանում այլևս նոր դեսպան ունի:
Ամեն անգամ, երբ այս կամ այն պաշտոնյան, ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, հեռանում է պաշտոնից, մանավանդ այն պաշտոնից, որը զբաղեցրել է բավական երկար ժամանակ, ցանկություն է առաջանում հետհայացք գցել նրա թողած հետագծի ուղղությամբ ու հասկանալ`ինչ ժառնգություն է թողել նա մեզ:
Ինչպես հասկանալի է, Օլեգ Եսայանն այս իմաստով այնքան էլ պարծենալու տեղ չունի: Թեպետ Օլեգ Եսայանն իր նախկին պաշտոնը`ՌԴ-ում ՀՀ դեսպանի, բավական տևական ժամանակ է, ինչ զբաղեցնում էր`2010թ.-ից սկսած, սակայն պետք է խոստովանել, որ նա մեր այն դեսպանների թվին է պատկանում, ու սա անկասկած է, որի աշխատանքային տարիները ոչ մի կերպ չի կարելի միանշանակ գնահատել: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ այս դիվանագետի աշխատանքի արդյունքները, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում, անհնար է դրական համարել. նրա դիվանագիտական առաքելությունն, անկասկած, գրեթե ամբողջովին անպտուղ էր: Պետք չէ մոռանալ, որ հայ-ռուսական հարաբերություններում նկատվող սառնությունը խորացման միտումներ սկսեց ցույց տալ հենց սկսած Եսայանի պաշտոնավարման ժամանակաշրջանից`գալով-հասնելով մինչև 2016-ի ապրիլ, երբ, առանց չափազանցության, երկկողմ հարաբերություններն իսկական ճգնաժամային վիճակում հայտնվեցին:
Իհարկե, միգուցե ոմանք այս հարցում այնքան էլ Եսայանի մեղքը չտեսնեն, բայց օրինակ նույն ռուսները հայ-ռուսական հարաբերությունների ներկա ճգնաժամի անհաջող հաղթահարումն ավելի շուտ հակված են կապել հենց Եսայանի անձի անգործության հետ: Օրերս, ինչպես հայտնի է, Հայաստան էր ժամանել ռուսական մեդիայի հայտնի դեմքերից Վլադիմիր Սոլովյովն, ով ուղղակիորեն մեղադրանքներ էր հնչեցրել դեսպանի հասցեին. դրանից հետո դեսպանը պաշտոնանկ արվեց: Մի խոսքով` Եսայանն այս 7 տարիների ընացքում չհասցրեց որևիցե բանով աչքի ընկնել:
Թե ինչպես կդրսևորի իրեն նորանշանակ դեսպանն, իհարկե, ցույց կտա ժամանակը, բայց որ գոնե ինչ-ինչ հույսեր կարելի է կապել Տողանյանի հետ, կարծում ենք, անկասկած է. սա գոնե բարձր ինտելեկտուալ է, ոլորտի մարդ, այլ ոչ թե պատահական մեկը…

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-10T19:09:47+00:00 Մարտի 10 19:09|Վերլուծություն|Մեկնաբանությունները կասեցված են Դեսպանի տապալված առաքելությունը-ում
//
//