/// Խոսքի արժեքը`զրոյական

Խոսքի արժեքը`զրոյական

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հետզհետե արդիական է դառնւմ այն հարցը, թե այս կամ այն քաղաքական ուժի հաղթանակի պարագայում ինչ պետք է ակնկալի հասարակությունը ապագա ղեկավարությունից: Հանրությունը, պետք է նկատել, ակնկալիքներ այնքան էլ շատ չունի և որևիցե կուսակցությունից կամ քաղաքական դաշինքներից, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում ձեռք է բերել մի փորձառություն, որն ամենևին էլ դրական կողմից չէ, որ խոսում է քաղաքական ուժերի կողմից հնչող խոստումների իսկության մասին. մշտապես էլ, բոլոր նախընտրական շրջաններում էլ հնչած ու տրված խոստումների պակաս թեպետ երբեք ու երբեք չի զգացվել, սակայն փաստը մնում է փաստ, որ հնչած խոստումների միայն չնչին մասն է, որ երբևիցե իրականություն է դարձել, կյանքի կոչվել:
Մարտի 5-ից սկիզբ առած քաղաքական քարոզարշավը մի շատ հետարքրական առանձնահատկությամբ է կարծես աչքի ընկնում. քաղաքական ուժերը, համենայնդեպս դրանց գերակշիռ հատվածն, իր քարոզչությունը կառուցում է ամենևին էլ ոչ սեփական ծրագրերը հնարավորինս հանրայնացնելու ճանապարհով: Ասել կուզի` գրեթե ոչ ոք չի փորձում ժողովրդին բացատրել, թե հատկապես ինչ տեսլական կամ ինչ ծրագրեր ունի ինքը, որ կյանքի է կոչելու, եթե հանկարծ պատահմամբ կարողացավ մտնել խորհրդարան: Միակ բանը, որ հաստատապես քաղաքական ուժերի մեծ մասը խոստանում է, լավ կյանքն է, նոր սկիզբն ու ամեն բան նոր ու մաքուր էջից սկսելու պատրաստակամությունը, բայց թե ինչպես է հնարավոր լինելու այս բարդ իրավիճակում, երբ միանգամայն օբյեկտիվորեն ծանր վիճակում է հայտնվել Հայաստանը, կյանքի կոչել գեղեցիկ երազ հիշեցնող խոստումները, ոչ ոք չի պարզաբանում. ծրագրային մոտեցում չունեն, իսկ եթե ինչ-որ ծրագրեր էլ գրել են, ապա դրանց մեծ մասը կա՛մ բացառապես քարոզչական բնույթի է, կա՛մ այսրօպեական ու լուծում է ընդամենը մեկ խնդիր`հնարավորինս շատ ձայներ հավաքել առաջիկայում:
Ի՞նչ է սա նշանակում:Սա կարող է նշանակել ընդամենը մեկ բան` ընտրողն այսօր կանգնած է գործնականում անլուծելի դարձած դիլեմայի առաջ: Եթե միամիտ ձևանա ու որոշի հավատալ տրվող անհեռանկարային խոստումներին, ապա այդպիսով կհաստատի իր մասին քաղաքական ուժերի մոտ արմատացած այն պատկերացումը,թե ընդամենը քայլող քվեաթերթիկ է, իսկ եթե վերցնի ու բոլորին դեմ լինի, այդ դեպքում էլ երկիրը կարող է հայտնվել ցնցումների մեջ`հղի անկանխատեսելի հետևանքներով:
Թե ինչպես կկողմնորոշվի շարքային ընտրողն առաջիկայում, իհարկե, ցույց կտան ընտրությունների վերջանրդյունքները, բայց որ ապագան այնքան էլ խոստումնալից չի լինելու, արդեն իսկ ակհայտ է. փաստերն ու թվերն են այդ ամենի մասին աներկբայորեն վկայում:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2017-03-09T21:21:03+00:00 Մարտի 9 20:27|Վերլուծություն|Մեկնաբանությունները կասեցված են Խոսքի արժեքը`զրոյական-ում
//
//